Կառավարությանն անհրաժեշտ է լինելու քաղաքական կամք, որովհետև կան լոկալ շահեր, որ խանգարելու են. Մ. Շահգելդյան

12:30 • 28.10.16

ԱԺ ճեպազրույցների ժամին «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը, խոսելով կառավարության ծրագրի մասին, նշեց, թե կան նոր մոտեցումներ, բայց կան նաև խնդիրներ:  

Ըստ նրա՝ բավականին օդիոզ դեմքեր հիմա կառավարությունում չեն, բայց միևնույն է՝ միայն այս տեսանկյունից փոփոխություններ անել հնարավոր չէ:

«Անհրաժեշտ է լինելու քաղաքական կամք, որովհետև կան լոկալ շահեր, որ խանգարելու են»,-շեշտեց պատգամավորը:

Շահգելդյանը խոսեց նաև վերջին օրերի սահմանային լարվածության մասին և տեսակետ հայտնեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմին ադրբեջանական ագրեսիայից հետո այսպիսի դիվերսիոն գործողություններ չէին եղել:

«Դա մասնակիորեն կապված էր Ադրբեջանում սահմանադրական հանրաքվեի հետ, որը լրջորեն քննադատվեց դեմոկրատական երկրների կողմից: Ես ենթադրում եմ, որ սա կարող է լինել նաև այն քաղաքականության մի մասը, որ ունի ներքին ու արտաքին կիրառություն: Ենթադրում եմ, որ նավթի գների անկման հետ միասին, իհարկե, նրանց ռեսուրսները պակասում են, բայց Ադրբեջանը փորձում է գտնել ՀՀ պաշտպանության թույլ տեղերը: Սա ռազմական մարտավարության մի մասն է»,-ասաց նա:

ՕԵԿ խմբակցության քարտուղարը նաև անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հնարավորությանը և նշեց, թե որոշումն իր որոշումն է: Իսկ թե նրա հնարավոր վերադարձը «Հայկական վերածնունդ» կուսակցության համար վտանգ չի ներկայացնո՞ւմ՝ ընտրաձայները խլելու առումով, Շահգելդյանը պատասխանեց, թե ընտրական գործընթացը մրցակցություն է և այնպես չէ, որ ինչ-մեկը կարող է գալ ու խլել իրենց ձայները։

««Հայկական վերածնունդի» ձայները պայմանավորված են մեր աշխատանքով, որը կատարում ենք և նման մտավախություն չունենք»,-ասաց նա: