Հրանուշ Հակոբյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը
Հոկտեմբերի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Ամերիկայի hայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Քերոլին Մուգարին, հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին, տեղեկացնում է Սփյուռքի նախարարությունը:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել այն միջոցառումների համար, որ Ամերիկայի hայկական համագումարն իրականացնում է դրսում՝ պաշտպանելով Հայաստանի և Արցախի խնդիրները: Նա մասնավորապես նշել է. «Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նաև ծառատունկի ծրագիրը Հայաստանում իրականացնելու համար: Շատ հետաքրքիր ծրագիր է, և կարծում եմ, որ պետք է շարունակական լինի»:
Նախարարն արժևորել է Ամերիկայի hայկական համագումարի ակտիվ լոբբիստական գործունեությունը: Քննարկվել են հայության միջազգային դիրքերի ամրապնդման, ՀՀ տնտեսության մեջ ներդրումների, սիրիահայերին աջակցություն ցուցաբերելու կարևոր ոլորները, տուրիզմի, հյուրանոցային բիզնեսի զարգացման հեռանկարները:
Հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության և բարձր գնահատանքի համար և ներկայացրին ԱՄՆ-ում Համագումարի քարոզչական աշխատանքը՝ հանդիպումները Վարչակազմի, կոնգրեսականների, տեղական կառավարման մարմիների հետ, համագործակցությունը հայկական և ոչ-հայկական ԶԼՄ-ների հետ, ինչպես նաև՝ Հայաստանում իրականացվելիք ծրագրերը, որոնցից վերջինը՝ «ԷՅ ԹԻ ՓԻ» բարեգործական հիմնադրամի (Հայաստան ծառատունկ ծրագիր) կողմից Վայոց ձորի մարզի Չիվա գյուղական համայնքում բացված տնկարանն է:
Քերոլին Մուգարը շեշտել է, որ «Հիմնադրամի գլխավոր նպատակը մարդկանց Հայրենիքում պահելը և սեփական հողի հանդեպ հոգածության ու կապվածության զգացողություն առաջացնելն է»:
Էնթոնի Բարսամյանը վստահեցրել է՝ նման նախաձեռնությունները շարունակական բնույթ են կրելու՝ ընդգծելով, որ Վայոց Ձորի մարզն են ընտրել՝ գեղեցիկ բնությունը և արգասաբեր հողը հաշվի առնելով. «Եկել ենք միասին աշխատելու, որպեսզի բարելավենք բնակիչների կյանքն ու թեթևացնենք նրանց առօրյա հոգսերը»:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել այս օրերին հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրներին՝ Հայաստանի տնտեսության զարգացման, Արցախի, սիրիահայերի հիմնախնդիրներին, քննարկվեցին հետագա համագործակցության և կազմակերպական հարցեր, նախանշվեցին անելիքները:










