Տաջիկստանում հետաքննություն է սկսվել երկրով մեկ էլեկտրաէներգիայի անջատման պատճառների առնչությամբ

12:09 • 29.10.16

Տաջիկստանի «Բարկի Տոչիկ» պետական էներգետիկ հոլդինգի ղեկավարությունը պաշտոնական հետաքննություն է սկսել ուրբաթ օրը երկրի տարածքում էլեկտրականության անջատման պատճառների վերաբերյալ։ Ստեղծվել է հատուկ հանձնաժողով, շաբաթ interfax.ru-ին հայտնել է էներգահոլդինգի մամուլի քարտուղար Նոզիրջոն Յոդգորին։


Նրա խոսքով՝ Տաջիկստանում էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված իրավիճակն առաջացել է հիդրոէլեկտրակայանների ագրեգատների կանգնելու հետևանքով, որը տեղի է ունեցել երկրի էներգահամակարգում խափանումների և հակավթարային համակարգի մեխանիկական գործարկման հետևանքով։


«Էներգաընկերության նախագահ Միրզո Իսմոիլզոդան բոլոր պետական հեռուստաալիքներով հանդես է եկել իրավիճակի պարզաբանմամբ, ինչպես նաև ներողություն է խնդրել բնակչությունից հասցված անհարմարությունների համար»,- հայտնել է Յոդգորին։


Ուրբաթ Տաջիկստանի գրեթե ամբողջ տարածքում դադարեցվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։