Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը շրջադարձային կլինի տեղի տնտեսության զարգացման համար. մարզպետ

17:49 • 29.10.16

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը տարածաշրջանում փոխելու է կյանքի որակը, օգնելու է բնակիչներին ստեղծել սեփական բիզնեսը և աշխատել: Վանաձորում լրագրողների հետ զրուցում նշեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ` հավելելով, որ այն մարզում հնարավորություն կստեղծի ներգաղթի, շատ տեխնոլոգիական մասնագետներ կգան աշխատելու: 

Նա մանրամասնեց, որ  կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները միտված են տեխնիկական և գործարար հմտությունների զարգացմանը, նոր տեխնոլոգիական ընկերությունների ձևավորմանը, արտասահմանյան ներդրումների ներգրավմանը

Հիշեցնենք,  այսօր կայացավ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն էլ լրագրողների հետ զրուցում նշեց, որ նպատակ է դրված բարձրացնել տեխնոլոգիական կրթության մակարդակը և դա օգտագործել տնտեսության զարգացման գործում:

«Վանաձորի  տեխնոլոգիական կենտրոնի կարևորությունը տարածաշրջանում աշխատատեղերի ստեղծումն է, կադրերի պատրաստումը»,- մանրամասնեց  նախարարը:

Լուռու մարզպետ Արթուր Նալբանդյանը լրագրողների հետ զրույցում ևս կարևորեց աշխատեղերի ստեղծումը և տեղեկացրեց, որ  առաջիկայում  կենտրոնում  կստեղծվի 150 ուղղակի աշխատատեղեր։ Բացի այդ, 2 տարվա ընթացքում կբացվի մոտ 1000 անուղղակի աշխատատեղ:

«Համոզված են  կենտրոնը շրջադարձային է լինելու Վանաձորի  տնտեսության զարգացման մեջ,  առաջիկա ամիսներին և տարիներին կտեսնեք զգալի դրական  տեղաշարժ»,– ասաց Արթուր Նալբանդյանը։

Նա հիշեցրեց, որ մարզն աչքի է ընկնում հանքարդյունաբերությամբ, բայց այդ ոլորտն էլ առանց  ՏՏ–ի 21-րդ դարում դժվար է պատկերացնել: «Սա մի շղթա է լինելու, ՏՏ-ն բոլոր  ոլորտներին հետ կարող ենք կապել»:

Մարզպետը նաև կարևորեց այն, որ Լոռին շուտով կունենա նաև Թումո կենտրոն: