Առանց դաշինքի, մեկ ընդդիմություն դառնալով հաջողության հասնելու հավանականությունը կբարձրանա. Սասուն Միքայելյան

14:12 • 30.10.16

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ համաժողովին ելույթի խոսք ասաց ՔՊ վարչության անդամ, Սասունի ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը: Նա, կարևորելով ընդդիմության դերը, շեշտեց, թե այն կարող է ուժեղանալ միայն մեկ ընդդիմության պարագայում: 

Սասուն Միքայելյանը հիշեցրեց, թե իրենք ի սկզբանե ասել են, որ ՔՊ-ն հավակնում է դառնալ մեկ ընդդիմություն և նշեց, թե հարց է առաջնում՝ ո՞րն է կուսակցությունների ու դաշինքների տարբերությունը:

«Դաշինքներից որևէ մեկը հաջողությունների չի հասել, հաջողություն՝ նկատի ունեմ արատավոր բարքերի վերացում, իշխանափոխություն: Դաշինքները պառակտվել են, և չեն կարողացել համախմբվել»,- ասաց նա:

Ըստ ՔՊ վարչության անդամի՝ թերևս միակ դաշինքը, որ կարող էր արդյունք լինել, Միասնությունն էր, որ ունեցավ ողբերգական վախճան:

«Մեկ ընդդիմություն դառնալով հաջողության հասնելու հավանականությունը կբարձրանա»,- նկատեց Սասուն Միքայելյանը  և հայտարարեց, թե իրենք ասում են, որ որոշ կուսակցությունների, անհատների, կազմակերպությունների հետ պետք է համախմբվեն մեկ կուսակցության մեջ և դառնանք մեկ ընդդիմություն:

 «Եթե այսօր չէ, ապա վաղը: Դաշինքների նման չդառնանք գաղափարական ընդդիմություն, մեկ ընդդիմություն դառնալով համախմբման հաջողության հասնելու հավանականությունը կմեծանա»,- ասաց նա:

Նա չբացառեց նաև որոշակի տակտիկական հնարավորությունների հավանականությունը: