Հռոմում երկրաշարժից վնասվելու հետևանքով փակվել է Սբ Պողոսի տաճարը

16:19 • 30.10.16

Այսօր Իտալիայի կենտրոնական հատվածում տեղի ունեցած 6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով վնասվել է Հռոմում գտնվող Սբ Պողոսի տաճարը, որը փակվել է այցելությունների համար:


Ինչպես հայտնում է tass.ru-ն,  տաճարի պատերին առաջացել են ճաքեր: Աղբյուրը մանրամասնում է, որ մասնագետների թիմը համապատասխան ստուգումներ է իրականացրել Վատիկանի կարևորագույն հոգևոր  կառույցներում, սակայն պարզվել է, որ դրանք երկրաշարժից չեն տուժել:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Իտալիայի կենտրոնական հատվածում այսօր առավոտյան տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով  տարբեր բնակավայրերում լուրջ ավերածություններ են տեղի ունեցել:


Փլուզված շնեքերի մեջ կան նաև հին եկեղեցիներ: Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ ավերածությունները տեղի են ունեցել Ումբրիա նահանգում:


Ավելի վաղ Եվրոպական միջերկրածովային սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել էր, որ երկրաշարժի ուժգնությունը եղել է 7.1 մագտնիտուդ, սակայն  ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը եղել է 6.1 մագնիտուդ:


Մասնագետներն արձանագրել են, որ ընթացիկ տարվա օգոստոսի 24-ին տեղի ունեցած և մոտ 300 մարդու կյանք խլած ողբերգական երկրաշարժից հետո սրանք ամենահզոր ստորգետնյա ցնցումներն են: