Չարաչար սխալվել են, որ հետընտրական պրոցես չի լինելու. ՔՊ համագումարին ընդդիմադիրները համախմբվելու կոչեր հնչեցրին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ համագումարին առաջինը ելույթի խոսքը տրվեց հյուրերից «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին:
Սարգսյանը նշեց, թե նախընտրական շրջան է և ընդգծեց, թե վստահաբար սահմանադրական փոփոխություններն արեցին իշխանությունը երկարաձգելու, հետընտրական գործընթացներ չունենալու համար: «Բայց չարաչար սխալվել են և, իրենց խոսքով ասած, այս անգամ խիարը թարս է աճելու»,- ասաց նա:
Նա Նիկոլ Փաշինյանի խոսքերը կրկնեց, թե քաղաքական կուսակցությունները ներկայացնելու են իրենց ծրագրերը և ոմանք էլ «բեղ-մորուք, անուն ազգանուն, հայրանուն փոխելով» ստիպված են լինելու քննադատել առաջին դեմքին:
Արամ Սարգսյանը համոզված է, թե հետընտրական գործընթաց է սկսվելու, քանի որ խախտելու են ընտրությունները, թիվ կրակելը, և դրան հաջորդելու է այն, որ «տեղերում առաջադրված բոլոր թեկնածուներն իրենց ազգուտակով գալու են հրապարակ»:
«Հետընտրական պրոցեսը լինելու է, չի խանգարելու այն հանգամանքը, որ մի մասը Սերժ Սարգսյանին հետ շամպայն խմելու լինեն»,-ասաց նա:
Հանրապետության նախագահը նշեց, թե քվեաթերթիկ հաշվելով ընտրություններին հաղթելը անհնարին է համարում: «Եթե իրական փոփոխություն ենք ուզում, քաղաքական թիմերի իրական միավորման մեջ է լինելու հաղթանակը»,- ասաց նա և նշեց, թե պետք է տարանջատվի իրական և կեղծ ընդդիմությունը, և պետք է տեսնել վերակենդանացող նորանոր ուժերին:
«Ժողովրդավարություն և հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն ասաց, թե հասարակությունը մեծ սպասելիքներ ունի: «Ճիշտ ասած Արամ Սարգսյանը, որ այս անգամ խիարը պետք է թարս բուսնի, բայց պետք է այնպես անենք, որ մինչև ընտրություն թարս բուսնի»,- ասաց նա և նշեց, թե ամեն ինչ պետք է արվի, որ իրական ընդդիմությունը համախմբվի և դա պետք է սկսել այսօրվանից:
ՀՀՇ-ից Ալեքսանդր Արզումանյանը նշեց, թե լավ նախադեպ է, երբ հրաժարական է տալիս վարչության կազմը՝ ելնելով խնդիրներից: Ալեքսանդր Արզումանյանն էլ նշեց, թե գաղափարական հենքի վրա հնարավորինս պետք է համախմբում ձևավորենք:










