Հռոմի քաղաքապետը հայտարարել է երկրաշարժից հետո քաղաքի դպրոցները փակելու մասին

22:43 • 30.10.16

Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջին հայտարարել է, որ երկրում տեղի ունեցած երկրաշարժից հետո մայրաքաղաքի բոլոր դպրոցները փակ կլինեն հոկտեմբերի 31-ին: Gazeta.ru-ի փոխանցմամբ` այս մասին քաղաքապետը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Վարչակազմը ցանկանում է փակել դպրոցները վաղը, որպեսզի տեխնիկական մասնագետները և անվտանգության ծառայության աշխատակիցները կարողանան անցկացնել բոլոր անհրաժեշտ ստուգումներն ու համոզվել, որ երկրաշարժը լուրջ վնասներ չի հասցրել կառույցներին», - գրել է Վիրջինիա Ռաջին:

Նա նշել է, որ ստուգումները կանցկացվեն հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին: Հռոմի քաղաքապետը հավելել է, որ իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ և ցավակցություն է հայտնել տարերային աղետից բոլոր տուժածներին:

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին ավելի վաղ հայտարարել էր, որ երկրաշարժերից տուժած և ավերված տները, եկեղեցիներն ու մյուս բոլոր կառույցները կվերանորոգվեն կամ կվերակառուցվեն: