«Պետք է խնդրեն, որ Ծառուկյանը քաղաքականություն մտնի». Գագիկ Ծառուկյան

16:14 • 31.10.16

Խանջյան փողոցում սպորտային կոմպլեքսի բացման արարողությունից առաջ Գագիկ Ծառուկյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ի վերջո որոշե՞ց՝ վերադառնո՞ւմ է քաղաքականություն, թե ոչ:

Ծառուկյանը կրկնեց՝ քաղաքականություն մտել է, որ կարողանա օգտակար լինել ազգին, երկրին, ժողովրդին և նշեց, թե չնայած այդ էջը փակել է, բայց շարունակել է ազգի կողքին լինել, անում է, անելու է:

«Քաղաքականությամբ չեմ ապրում, ուզում եմ լավ լինի ժողովրդի համար, ասել եմ, եթե անհրաժեշտություն լինի, դրա կարիքը լինի, ուրեմն կմտնեմ»,-ասաց նա և նշեց, որ պետք է անհրաժեշտությունը զգա քաղաքական գործիչներից, ժողովրդից:

Ծառուկյանը անպատասխան թողեց հարցը, թե այսօր նախագահ Սերժ Սարգսյանի հետ է հանդիպում, հնարավո՞ր է, որ այդ հարցը քննարկվի:

Հարցին, թե իրեն ընդդիմադիր դաշտո՞ւմ է տեսնում, պատասխանեց, որ եկել է ոչ թե անձնական շահից ելնելով, այլ ժողովրդի կողքին լինելու համար:

«Ոնց որոշի իմ ժողովուրդը, ես այդպես էլ անելու եմ: Ես քաղաքականության մեջ եղել եմ, և չես տեսնի, որ հակառակ ժողովրդի եմ քվեարկել: Ինձ ժողովուրդը տվել է 500 հազար ձայն, բայց, քանի որ իմ ուզածով չեմ կարողացել ժողովրդի համար փոխեմ, ես հրաժարվել եմ, որովհետև միայն նախարար ստանալով ոչ մի բան չես կարող փոխել»,- ասաց նա:

Ծառուկյանը նշեց, թե ինչու կոալիցիա չի մտել. «Տեսել եմ, որ ժողովրդի սպասելիքը չեմ կարող արդարացնել, և ասել եմ, որ ժողովրդին հուսախաբ չեմ կարող անել»:

Հարցին, թե հիմա իշխանափոխություն կլինի՞, Ծառուկյանը պատասխանեց. «Իշխանափոխություն կլինի, թե ինչ կլինի հիմա, չեմ կարող ասել,  որոշելիքը ժողովրդինն է: Ժողովուրդն իր ձայնը կտա նրան, ումից պահանջում է, եթե տալիս ես 20 տոկոս, այդքանով ո՞նց է ժողովրդի սպասելիքն արդարացնում»:

Գագիկ Ծառուկյանը կրկնեց, թե քաղաքականությունից դուրս է եկել, որպեսզի ժողովրդից արյուն չթափվի: «Բոլորը գիտեն, կան որոշ մարդիկ, տարբեր մտահղացումներով են խոսում, որը արդարացի չի. Ծառուկյանը գիտեր հեղափոխություն, իսկ ես իմ ազգին արյան չեմ տանի: Ես իրոք սիրում եմ մեր զինվորներին, 19 տարեկան, նոր կյանք են գալիս, բայց պատրաստ են մեռնելու, ես նրանց ցավը տանեմ»,-ասաց Ծառուկյանը:

Նախկին ԲՀԿ կուսակցության նախագահի խոսքով՝ ինքը կայացած, ունևոր մարդ է, հարգանք ունի աշխարհում: «Ծառուկյանը քաղաքականությամբ չի ապրում, քաղաքականության մեջ մտնի՝ օգնելու, աջակցելու, որն ամեն օր է անում: Կարամ առանց քաղաքականության էլ անեմ, բայց պետք է խնդրեն, որ Ծառուկյանը քաղաքականություն մտնի»,-ասաց նա:

Tert.am-ի հարցին, թե ով պետք է կոնկրետ խնդրի, Ծառուկյանը պատասխանեց. «Հենց մեկը դու, որ գաս ասես՝ պարոն Ծառուկյան եկեք»:

Հիշեցրեցինք, որ մարդիկ էին հավաքվել և խնդրում էին, որ վերադառնա, պատասխանեց, թե դա շատ քիչ էր:

Tert.am-ի լրագրողի դիտարկմանը՝ «եթե այս պահին ես էլ ասեմ՝ խնդրում եմ, հենց այստեղ հայտարարելու եք, որ վերադառնո՞ւմ եք», պատասխանեց. «Մենակ քեզանով չի գեղեցկուհի ջան» և հեռացավ: