Ազատազրկման հետ չկապված խափանման միջոցների կիրառման հարցը Կառավարության առաջնահերթությունների մեջ չկա. Ա. Գասպարյան 

20:39 • 31.10.16

«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Կառավարության ծրագրի արդարադատության ոլորտի դրույթներին, դրական գնահատեց, որ Կառավարությունը ևս մեկ անգամ ուշադրության է արժանացրել արդարադատության ոլորտը, առավել ևս պրոբացիոն ծառայությունը:  

«Չնայած դրան, պրոբացիոն ծառայության կայացման գործում մեծագույն դերակատարում ուն մի մարմին, որը կառավարության հետ առնչություն չունի, դա դատական իշխանությունն է»,-ասաց նա:

Նշենք, որ Կառավարության 2017 թվականի ծրագրով մասնավորապես նախատեսված է պրոբացիայի պետական ծառայության գործունեության բարելավում, այլընտրանքային խափանման միջոցների և քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված անվտանգության միջոցների կիրարկման ապահովում պրոբացիայի պետական ծառայության միջոցով:

Ըստ Արշակ Գասպարյանի՝ որպեսզի ազատազրկման ձևով պատժատեսակները նվազեն պետք է դատարանները ցանկանան:

«Պրոբացիայի ծառայությունը 2018 թվականից պետք է լիարժեք սկսի գործել, քանի որ այդպես նախատեսված է պրոբացիայի ծառայության մասին շատ անկատար օրենքով, և Կառավարությունը գիտի, որ չի հասցնելու: Այսպես, թե այնպես կառավարության մոտեցումը արդեն իսկ դրական է, բայց դատարաններից է կախված»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ազատազրկման հետ չկապված խափանման միջոցների կիրառմանը, Արշակ Գասպարյանն ասաց, որ այդ հարցում միայն քրեական դատավարության օրենսգիրքը ընդունելուց հետ կարող է առաջընթաց գրանցվել, ինչը Կառավարության առաջնահերթությունների մեջ չկա:

Նա նշեց, որ պատժիչ պայմանական վաղաժամկետ ինստիտուտի հստակ չափորոշիչների  կիրառման երաշխավորը պրոբացիայի պետական ծառայությունն է, որի ամբողջական ներդրումից հետո անկախ հանձնաժողովների գոյությունը դառնում են իմաստազուրկ: Ըստ նրա՝ ծառայության բարելավման համար նախ մտածողության փոփոխություն է անհրաժեշտ: 

«Մտածողության փոփոխություն է պետք դատավորների և դատախազների մոտ, քաղաքական կամք է պետք պատժի վաղաժամկետ ազատման ինստիտուտն ամբողջությամբ փոխելու համար  և կայացնելու պրոբացիայի պետական ծառայությունը»,-ասաց նա և նշեց, որ նվազագույն քայլեր դեռ պետք է արվեն, և ժամկետների ու ֆինանսների խնդիր կարող է լինել: