Մարոկկոյում բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունեցել ձկնավաճառի ողբերգական մահվան պատճառով (լուսանկար)
Մարոկկոյի հազարավոր բնակիչներ կիրակի դուրս են եկել երկրի մի քանի քաղաքների փողոցներ՝ 31-ամյա ձկնավաճառի մահվան կապակցությամբ իրենց բողոքն արտահայտելու, հայտնում է France-Presse գործակալությունը:
Միջադեպը, որից հետո մահացել է վաճառողը, տեղի է ունեցել անցած ուրբաթ: Էլ Հոսեյմա քաղաքի իշխանությունները փորձել են ոչնչացնել տղամարդու ապրանքը տեղափոխող կոնտեյներները: Նա փորձել է փրկել իր ապրանքը և ընկել է աղբատարի աղբը մանրացնող մեխանիզմի մեջ: Մարոկկացին վնասվածքներ է ստացել, որոնք համատեղելի չեն եղել կյանքի հետ:
Գործակալության տվյալներով՝ բողոքի ակցիաներ են անցկացվել Ռաբաթում, Մարաքեշում, Կասաբլանկայում և այլ քաղաքներում:
«Մենք պահանջում ենք, որ մեզ բացատրեն, թե ինչ է տեղի ունեցել, և խնդրում ենք գտնել մեղավորներին»,- հայտարարել է ցուցարարներից մեկը:
Հաղորդվում է, որ Էլ Հոսեյմայի դատախազությունը և Մարոկկոյի ներքին գործերի նախարարությունը հրահանգել են հետաքննություն սկսել միջադեպի առնչությամբ:











