Ucom-ի հիմնած բարեգործական հիմնադրամի աշխատանքներին մասնակցելու առաջարկը շատ գայթակղիչ է ինձ համար. լրագրող Դարյա Տոլստայա
Հայտնի լրագրող Դարյա Տոլստայան, ում առաջարկել են դառնալ Ucom բջջային օպերատորի բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչը Մոսկվայում, Հայաստան այցից առաջ խոսել է բարեգործության և, մասնավորապես, Ucom-ի բարեգործական ծրագրերին մասնակցության մասին:
Ucom հիմնադրամը հիմնվել է 2016 թվականին՝ որպես Ucom ընկերության բարեգործական և մարդասիրական ծրագրերն իրականացնող հիմնական կառույց: Հիմնադրամի առաքելությունն է օգնել հասարակության խոցելի խմբերին, բարելավել մարդկանց կյանքը՝ նրանց համար ստեղծելով կայուն եկամտի աղբյուրներ, վերամիավորել ընտանիքներին, աջակցել կայուն և ապահով հասարակության ձևավորմանը, կրթել առողջ և զարգացած սերունդ և ստեղծել հետագա զարգացման հնարավորություններ: Ucom հիմնադրամն աջակցում է բարեգործական ծրագրերի իրականացմանն առողջապահության, կրթության և մշակութային ոլորտներում:
- Դարյա, Դուք համաշխարհային մասշտաբի լրագրող եք, աշխատում եք խոշորագույն ռուսական և արևմտյան լրատվական գործակալություններում, ինչպե՞ս եք գնահատում ԶԼՄ-ների դերը նախկին ԱՊՀ տարածքում բարեգործության գործում:
- Վստահ եմ, որ այսօրվա դրությամբ հենց ԶԼՄ-ներում լուսաբանումը կարող է շատ մեծ արդյունքներ տալ, որովհետև հաղորդակցությունների և համացանցի աշխարհում, որտեղ տեղեկատվությունը փոխանցվում է պարզապես լույսի արագությամբ՝ ի համեմատ նրա, թե ինչպես էր փոխանցվում 15 տարի առաջ, ԶԼՄ-ներում (տպագիր, հեռուստատեսային և պարզապես համացանցում) հիմնադրամների աշխատանքի լուսաբանումն արագացնում է տեղեկատվության փոխանցման և, համապատասխանաբար, միջոցների հավաքման գործընթացը: Այդ պատճառով ես կարծում եմ, որ մեր այսչափ արագընթաց ժամանակներում շատ ավելի հետաքրքիր է դառնում աշխատել բարեգործության ոլորտում, ավելի շատ են իրական հնարավորությունները:
- Ի՞նչ է Ձեզ համար նշանակում Հայաստանը:
-«Ինչ է ինձ համար Հայաստանը» հարցին կպատասխանի մարդ, որը դեռ չի եղել այդ երկրում:
Ինձ համար Հայաստանը պարզապես մարդիկ են: Մտերիմ մարդիկ, բարեկամներից ավելի մտերիմ: Ես Մոսկվայում շատ հայ ընկերներ ունեմ, որոնք կողքիս են և օգնում են ինձ: Մենք միասին նշում ենք տոները, նրանք օգնում են, երբ ինչ-որ խնդիրներ են պատահում: Վերջերս ես հայ ընկերներ եմ ձեռք բերել, որոնք ընդհանրապես ապրում են աշխարհի տարբեր անկյուններում, ահա հենց հիմա նրանք ապրում են Վիեննայում: Ասել, որ ես սիրում եմ այդ մարդկանց, նշանակում է՝ ոչինչ չասել: Այդ ընտանիքը պարզապես մարդիկ չեն, որոնք շատ են օգնել ինձ, երբ ես մեծ խնդիրներ ունեի: Այժմ ինձ համար Վիեննան՝ այն քաղաքը, որտեղ նրանք ապրում են, դարձել է պարզապես հիանալի քաղաք, որովհետև երբ ես գնում եմ այնտեղ, ուրախություն ունեմ շփվելու ինձ համար այնքան թանկ մարդկանց հետ, ինչպես Սեդան և Հարությունն են:
Ինչո՞ւ են ինձ այդքան դուր գալիս հայերը, որովհետև նրանք կարողանում են ոչ միայն միասին լավ ուրախանալ (հայկական տոները ես տեսել եմ և՛ Մոսկվայում, և՛ Վիեննայում, և մասնակցել եմ դրանց). դա մեծ բան արժե, երբ սեղանի շուրջ ներկա են բոլոր սերունդները, և նրանք բոլորն անպայման մասնակցում են տոնին, դա մեծապես տպավորում է: Բայց ինձ է՛լ ավելի է զարմացրել այն, թե որքան արագ են այդ մարդիկ կարողանում իրար օգնության ձեռք մեկնել:
Մի դեպք էր պատահել Մոսկվայում: Իմ հայ ընկերներն իմացել էին, որ մի հայ երեխա է հիվանդացել, որին նրանք անգամ չէին էլ տեսել, և նրանք այնքան օպերատիվ կերպով կազմակերպեցին դրամահավաքը (շտապ վիրահատություն էր անհրաժեշտ), որ ես հասկացա, թե ինչ է «հայկական սփյուռք» հասկացությունը, հատկապես՝ Մոսկվայում: Որքան արագ կարելի է տարածել տեղեկատվությունը և որքան արագ, պարզվում է, կարելի է օգնել մարդուն: Իսկ այդ դեպքում՝ շտապ վիրահատության կարիք ունեցող երեխային: Դա 10 տարի առաջ էր: Ես ավելի երիտասարդ էի, և այդ ամենն ինձ նախ զարմացրեց, հետո սկսեցի դրա մասին մտածել և վերլուծել: Եվ հիմա արդեն լինելով շատ երկրներում՝ կարող եմ ասել, որ հայերն իրար աջակցելու առումով թերևս ամենահզոր ազգն են: Անկեղծ ասած՝ ինձ շատ գրավել է մարդկանց այդ հատկությունը, որ նրանք այդքան արագ արձագանքում են օգնության խնդրանքին:
- Եթե կարելի է՝ բացեք Երևան Ձեր առաջիկա ուղևորության փակագծերը: Ի՞նչ առաքելություն ունեք:
-Ես այցելել էի Վիեննայում իմ մտերիմ ընկերներ Սեդային և Հարությունին, և մենք միասին գնացինք Ավստրիայում Հայաստանի դեսպանատուն՝ Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառմանը: Դա հիանալի տոն էր՝ երաժշտությամբ, հայկական գինիով, հայկական ուտելիքով, հիանալի մարդկանցով: Եվ այնտեղ ես ծանոթացա ջութակահարուհի Սոնա Ազարյանի հետ, ում գիտեի Facebook-ով որպես և՛ Ռուսաստանում, և՛ Հայաստանում ակտիվ բարեգործությամբ զբաղվող մարդու, և որի մասին նաև գիտեի, որ նա տաղանդավոր երաժիշտ է: Շփվելուց հետո պարզ դարձավ, որ նա նաև տղամարդու բնավորություն ունի, և բացի այդ՝ նաև շփվող մարդ է: Նա ինձ պատմեց նախագծի մասին, որին նրան վերջերս առաջարկել էին մասնակցել, և առաջարկեց ինձ նույնպես միանալ և դառնալ Մոսկվայում բարեգործական մի հիմնադրամի «դեմքը», ներկայացուցիչը, որն օգնելու է սրտային և քաղցկեղով հիվանդ երեխաներին, ինչպես նաև՝ Արցախի երեխաներին, ինչն ինձ շատ հետաքրքիր է, քանի որ Արցախի խնդիրը ես գիտեմ շատ վաղուց, երբ ամեն ինչ դեռ նոր էր սկվում: Ես արդեն լրագրող էի աշխատում «Ֆրանս Պրես» գործակալությունում: Դա 1990-ականներին էր: Ես երիտասարդ աղջիկ էի, ամբողջ ընթացքում նյութեր էի թարգմանում ԼՂՀ-ում դեպքերի մասին, և սարսափում էի՝ տեսնելով թվերը՝ այդ հակամարտությունում զոհված հայերի թիվը: Հավանաբար անհնար է հասկանալ, բայց այդկերպ Լեռնային Ղարաբաղի թեման մտել է իմ կյանք՝ իմ մասնագիտական գործունեության միջոցով:
Ինչ վերաբերում է բարեգործությանն ընդհանրապես... Ես փորձում եմ միշտ օգնել կարիքավորներին: Ես, սակայն, չունեմ սեփական բիզնես, որ կարողանամ մեծ մասշտաբներով զբաղվել բարեգործությամբ: Եվ Հայաստանում ամենախոշոր՝ Ucom բջջային օպերատորի հիմնած բարեգործական հիմնադրամի աշխատանքներին մասնակցելու այդ առաջարկը շատ գայթակղիչ է, որովհետև այժմ իմ անձնական և մասնագիտական փորձի բարձրությունից ես գիտեմ, որ կարող եմ օգուտ բերել հիմնադրամին և միջոցներ հավաքել այնպիսի ազնիվ նպատակի համար, ինչպիսին երեխաներին օգնելն է:
Բարեգործությունն ինձ ամբողջ կյանքում գրավել է: Այնպես ստացվեց, որ ես աշխատում էի Ռուսաստանում ֆրանսիական հեռուստատեսության համար՝ սկսած 90-ական թվականներից: Հայտնի է, որ լրագրությունն ընդհանրապես և մասնավորապես՝ արևմտյանը, կառուցված է հետևյալ սկզբունք-ասացվածքի վրա. «Գնացքը, որ ժամանակին է եկել, ոչ մեկին հետաքրքիր չէ: Բոլորին հետաքրքիր է գնացքը, որն ուշացել է»: Դա շատ պարզ, բայց, իմ կարծիքով, չափազանց տարողունակ արտահայտություն է, որը բացատրում է, թե ինչ է «լրագրությունը»: Հենց այդ պատճառով էլ մենք ֆրանսիական հեռուստատեսության համար նկարահանում էինք Ռուսաստանում խնդիրների մասին սյուժեներ: Եվ հենց այդ աշխատանքի ժամանակ ես բախվեցի խնդիրներ ունեցող մեծ թվով մարդկանց, որոնց թվում շատ հայեր կային: Այդ ժամանակ դեռ երիտասարդ լինելով՝ ես կարող էի միայն կարեկցել: Ես հետևում էի կողքից և, իմիջիայլոց, հենց այդ գործընթացի ընթացքում ինձ հայտնի դարձավ, որ, ցավոք (քանի որ ես ռուս եմ…), եթե խնդիրն առաջանում է, ենթադրենք, ռուսական ընտանիքում և հայկական ընտանիքում, հայերն այն լուծելու ավելի մեծ հնարավորություններ ունեն: Ընդ որում՝ դա կարող են լինել ամենատարբեր խնդիրներ՝ և՛ նյութական, և՛ առողջական… Այդպիսի եզրակացություն ես կարող եմ անել լրագրությունում 10 տարի աշխատելուց հետո:
Հուսով եմ, որ 20 տարվա ընթացքում լրագրության և PR-ի ոլորտում ձևավորված մասնագիտական հմտություններս օգտակար կլինեն այդ հիմնադրամին: Չեմ ցանկանում առաջ անցնել, բայց ցանկանում եմ ընդամենն ասել, որ շատ ուրախ եմ այդ առաջարկի համար և ուրախ եմ, որ Հայաստան առաջին այցը կկայանա այդ առիթով:
Ես պատրաստ եմ, ես իմ մեջ ուժեր եմ տեսնում, իսկ ամենակարևորը՝ շատ եմ ցանկանում օգուտ բերել և վերջապես զբաղվել նրանով, ինչն ինձ շատ է դուր գալիս:
- Պատմեք մի փոքր Ձեր ընտանիքի մասին, որի մասին մենք հիմնականում գիտենք ռուսական հեռուստատեսությունից:
-Առաջին հերթին կպատմեմ աղջկաս մասին… Աղջիկս՝ Ալեքսանդրա Տոլստայան, Տոլստոյների հինգերորդ սերունդն է՝ Լև Նիկոլաևիչի ավագ որդու՝ Իլյա Լվովիչի գծով, այսինքն՝ նա Լև Նիկոլաևիչ Տոլստոյի ծոռան երեխան է: Ես շատ եմ ցանկանում, որ նա նույնպես լրջորեն զբաղվի բարեգործությամբ, բայց նա դեռ սովորում է դպրոցում՝ տասներորդ դասարանում: Իհարկե, դա շատ հիմար բառ է՝ «նորաձև», բայց, այնուամենայնիվ, այն գոյություն ունի բարեգործության հետ կապված: Մոսկվայի և Ռուսաստանի այլ քաղաքների դպրոցներում և համալսարաններում բազմաթիվ բարեգործական ակցիաներ են իրականացվում: Իհարկե, աղջիկս մասնակցում է դրանց, բայց ես ավելին կուզենայի: Այդ պատճառով ես շատ ուրախ եմ, որ ինձ մոտ վերջապես նման հնարավորություն է ուրվագծվում: Գիտեք՝ ինչպես է երեխաների մոտ, նա ինձ տեսնում է աշխատելիս և ցանկանում է «մայրիկի պես» անել: Այժմ նա ցանկանում է լրագրող դառնալ, բայց դա բնականաբար նրան չի խանգարի, լրագրության հմտությունները և բարեգործության ոլորտում աշխատանքը հաճախ փոխկապակացված են:
- Ի՞նչ եք ակնկալում Հայաստան Ձեր ուղևորությունից:
-Ես գիտեմ՝ ինչպես են աշխատում շատ բարեգործական հիմնադրամներ: Սովորաբար, Ucom բջջային օպերատորի նման խոշոր ընկերություններն իրենց հիմնադրամներն են հիմնում, որոնք զբաղվում են բարի գործերով: Ես գիտեմ, որ Ռուսաստանում՝ ինչպես կառավարության, այնպես էլ մեր նախագահի կողմից շատ խրախուսվում է նման հիմնադրամների ստեղծումը, և շատ խոշոր գործարարներ իրենց եկամտի մի մասը փոխանցում են մանկատներին, ծերանոցներին, հիվանդանոցներին և այլն: Ապրելով Մոսկվայում՝ ես հետևել եմ այդ գործընթացներին: Այժմ ահա համագործակցության մասին համատեղ գաղափար է առաջացել այնպիսի ընկերության հետ, ինչպիսին Ucom-ն է, որն իմ տեղեկություններով՝ շատ է զբաղվում բարեգործությամբ, իսկ այժմ այն ուղղություններից մեկի ստեղծման գործընթացում է, որ կապված է այդ թվում նաև երեխաների օգնության հետ, ինչով հիմա զբաղված է Սոնա Ազարյանը:
Ես վստահ եմ, որ Ucom-ի ղեկավարության հետ մեր ծանոթությունն արդյունավետ է լինելու, և շուտով մենք միասին կկարողանանք ոչ միայն այդ հիմնադրամի նոր ուղղություն ներգրավել նյութական միջոցներ Ռուսաստանից և Արևմուտքից, այլև ընդհանրապես նոր մակարդակի հասցնել բարեգործության գաղափարը մեր հասարակության շրջանում:










