Նա այս պահին էլ իր աշխատասենյակում աշխատում է. Գեղարքունիքի մարզպետը Վարդենիսի քաղաքապետի ծեծի մասին

16:35 • 01.11.16

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ԱԺ-ում Tert.am-ի հետ զրույցում  հավատացրեց, թե տեղեկություն չունի, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ղեկավարին՝ ՀՀԿ-ական քաղաքապետ Վոլոդյա Խլոյանին, իր իսկ աշխատասենյակում ծեծել են:

Tert.am-ի դիտարկումից հետո, թե նրա մարզում քաղաքապետ են ծեծում, իսկ ինքը տեղյակ չէ՞, մարզպետի պատասխանը փոխվեց. ասաց, թե որոշակի տեղեկություններ ունի, այսօր է տեղեկացել:

«Զանգահարել ու խոսել եմ, ինքը հերքել է ու ասել, որ նման բան տեղի չի ունեցել: Հերքել են և՛ իրավապահ մարմինները, և՛ քաղաքապետը»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ Վարդենիսի քաղաքապետն այս պահին էլ իր աշխատասենյակում աշխատում է:

Մարզպետն անդրադարձավ նաև կարտոֆիլի մթերման հետ կապված խնդիրներին, մասնավորապես այն հարցին, որ գյուղացին բավականին մատչելի է վաճառում:

«Խոսքը վերաբերում էր 20 տոկոսին, որը միջնորդների միջոցով հանձնում են բանակին։ Նախարարի հետ հանդիպմանը ես խնդիր դրեցի, և հաջորդ օրը հարցը կարգավորվեց: Այս պահի դրությամբ՝ նրանք, ովքեր բողոքում էին, ազատ իրենց կարտոֆիլը տանում և վաճառում են ԼՂՀ –ում՝ իրենց ցանկացած գնով»,- շեշտեց մարզպետը:

Հարցին, թե բնակիչները մինչ օրս չէին կարողանո՞ւմ, մարզպետը պատասխանեց. «Ոչ թե չէին կարողանում, այլ փորձ էին արել կարտոֆիլ մթերողներից էժան գնով մթերել, բայց նրանք ցանկություն չհայտնեցին տալ, և խնդիրը կարգավորվեց»: