Ոստիկանությունը հետաքննում է, թե ինչ հանգամանքներում է Վարդենիսի քաղաքապետին ֆիզիկական ցավ պատճառվել
ՀՀ ոստիկանությունում կատարվում է հետաքննություն` պարզելու համար Վարդենիսի քաղաքապետին ֆիզիկական ցավ պատճառելու հանգամանքները: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` մանրամասնելով, որ ահազանգ են ստացել հենց Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանից, ում հաղորդման հիման վրա կատարվում է հետաքննություն:
Հիշեցնենք, որ մամուլը տեղեկացրել էր, որ քաղաքապետին ծեծել են իր աշխատասենյակում։ Իսկ ըստ «Հրապարակի»՝ Վոլոդյա Խլոյանին վերջին ամսում երեք անգամ քաշքշել են իր կաբինետում։
Առաջին դեպքը կապվում է փոխքաղաքապետ Աշոտ Դավթյանի, երկրորդը` «Հայոց արծիվ» կուսակցության Վարդենիսի կառույցի ներկայացուցիչներ Արամ և Արմեն Արշակյանների անվան հետ:
Հարցին՝ Վոլոդյա Խլոյանը մատնանշե՞լ է, թե ով է իրեն ֆիզիկական ցավ պատճառել, արդյոք դա փոխքաղաքապե՞տն է, ոստիկանությունից պատասխանեցին` «քաղաքացին»:










