Քաջություն չէ պատերազմ կամ ինչ-որ մեկի տխրությունը նկարելը․ տեղի ունեցավ լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի գրքի շնորհանդեսը
Զավեն Խաչիկյանի այս գիրքը ամոթխած, պատկառող, սիրող որդու վերաբերմունքն է առ իր 1985-1995 թվականների հայրենիքը, առ մարդու, որն ենք ես ու դուք. սրանք գրող, հրապարակախոս Հրանտ Մաթևոսյանը խոսքերն են Զավեն Խաչիկյանի լուսանկարների գրքի մասին, որը նախատեսված էր եղել հրատարակել դեռևս 90-ականներին, սակայն «Սև, սպիտակ, եռագույն» գրքի շնորհանդեսն ու լուսանկարների ցուցահանդեսը տեղի ունեցավ այսօր՝ Պատմության թանգարանում:
Թանգարանի ցուցասրահում հավաքված բազմությունը եկել էր առնչվելու հայտնի լուսանկարչի անկախության կերտման և հենց անկախության տարիներին արված լուսանկարներին:
«Սիմվոլիկ է Պատմության թանգարանում ցուցադրությունը կազմակերպելը: Սա մեր պատմության համար մի ակնթարթ է»,-լրագրողների հետ զրույցում ասաց Զավեն Խաչիկյանը՝ հավելելով, որ սա դեռ սկիզբն է և դեռ բազմաթիվ նախագծեր կան, որոնք գրքի տեսքով կյանքի են կոչվելու:
Հարցին, թե եղե՞լ են պահեր, որ հուզմունքից չի կարողացել լուսանկարել, նա պատասխանեց. « Ընդհանրապես, լուսանկարչությունն այնպես չէ, որ քեզ տրված է տեսախցիկ, և դու ինչ տեսնում ես՝ պետք է ֆիքսես ու հրապարակես: Ես գերադասում եմ այդ պահերը չհրապարակել և ամենաշատը ես լռել եմ ու չեմ նկարել պատերազմի ժամանակ: Պետք է ինքդ քեզ խմբագրես: Քաջություն չէ պատերազմ կամ ինչ-որ մեկի տխրությունը նկարելը»:
Նա նշեց, որ շնորհակալ է մշակույթի նախարարությանը, որ հովանավորեց գրքի հրատարակումը․ «Ուրախ էի, որ հենց նախարարությունը որոշեց գումար տրամադրել, որովհետև գումար ուզելու հարցում ինձ բարոյապես ամուր չէի զգում, բայց ասացի, որ գոնե ես աշխատավարձ չեմ ստացել, բացի իմ հարկերը վճարելուց. այս դեպքում դոկումենտներն եմ հետ վերադարձնում՝ տպագրված տեսքով, և մեկ էլ՝ իսկապես ուզում էի ազատ լինել, ուրիշ գործեր են ինձ սպասում»:
Զավեն Խաչիկյանը նշեց, որ աշխատանքը սկսել էին նախկին նախարարի՝ Հասմիկ Պողոսյանի օրոք և շարունակել փոխնախարար Ներսես Տեր-Վանդանյանի նախաձեռնությամբ:
Ցուցադրությանը ներկա ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանն էլ նշեց, որ գրքի հրապարակումը նախաձեռնվել է անկախության 25-ամյակի առթիվ:
Նա ասաց, որ այս գիրքն իր առանձին գույնն ունի՝ չնայած սև և սպիտակ գույներին. «Զավեն Խաչիկյանի լուսանկարչական տաղանդի մասին ես չէ, որ պետք է ասեմ: Տարբեր մասնագիտական շրջանակներ և իր սպառողն է վաղուց այդ մասին ասել: Մենք այսօր հպարտանում ենք, որ մեր կողքին այսպիսի տանղանդ ունեցող լուսանկարիչ ունենք»:
Մշակույթի փոխնախարարը բարձր գնահատեց լուսանկարների գեղարվեստական արժեքը. նշեց, որ դրանցից յուրաքանչյուրի կողքին մեկ պատմություն կամ էսսե կարելի է գրել:



















