Ռուս զինվորականներն արդեն 16 օր է՝ չեն կիրառում ավիացիա Հալեպում. Շոյգու
Մոսկվան արդեն ավելի քան երկու շաբաթ չի օգտագործում Օդատիեզերական ուժերը Հալեպ քաղաքում՝ գրոհայինների ուղղությամբ օդային հարվածներ հասցնելու համար: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում է interfax.ru-ն:
«ՌԴ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով մենք Հալեպում 16 օր է` չենք կիրառում ավիացիա»,- ասել է Պաշտպանության նախարարության ղեկավարը:
Շոյգուն նաև նշել է, որ սիրիական քաղաքում բացվել է ութ մարդասիրական միջանցք: Նախարարը հավելել է, որ ռուսական կողմն ամեն օր Հալեպ մարդասիրական օգնություն է մատակարարում:
Հոկտեմբերի 28-ին ռուս զինվորականները դիմել են երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով թույլ տալ վերսկսել Հալեպի արևելքում գրոհայինների ուղղությամբ հարվածները, սակայն երկրի նախագահը մերժել է:
Ռուսական և սիրիական ավիացիան դադարել են հարվածներ հասցնել Հալեպում հոկտեմբերի 18-ից:










