Տրանսպորտի խնդրի լուծումը մեծ և միջին ավտոբուսների շահագործումն է, միկրոավտոբուսներից պետք է ձերբազատվել. Կամո Արեյան
Երևանի քաղաքապետարանը գործուն քայլեր է ձեռնարկում մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի խնդիրները կարգավորելու ուղղությամբ. այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց փոխքաղաքապետ Կամո Արեյանը՝ ի պատասխան լրագրողների այն հարցի, թե օրերս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խոսել էր քաղաքային տրանսպորտի խնդիրը լուծելու մասին, կոնկրետ ի՞նչ է արվում այդ ուղղությամբ:
«Արդեն հայտարարել ենք մրցույթ միջազգային խորհրդատու կառույցների հետ՝ մշակելու հասարակական տրանսպորտի թարմացման, երթուղային ցանցի վերանայման, շարժակազմի վերանայման արդիականացման պլանը: Մենք պարզապես այլընտրանք չունենք: Լուծման միակ տարբերակը մեծ և միջին տարողությամբ ավտոբուսների շահագործումն է: Միկրոավտոբուսներից պետք է ձերբազատվել: Դրա համար մեզ պետք են մի շարք հիմնարար փաստաթղթեր քաղաքի համար՝ երթուղային ցանցը, շարժակազմը, կառավարման մոդելը»,-ասաց փոխքաղաքապետը:
Կամո Արեյանը նշեց, թե խնդիրն առկա է, իրենք չեն թաքցնում: «Եվ քաղաքապետն այստեղ եղավ շատ անկեղծ ու օբյեկտիվ, որ, այո, տրանսպորտի խնդիրը իսկապես ծառացած է մեր առջև: Եվ մենք պետք է կարողանանք ժամ առաջ, որքան հնարավոր է շուտ լուծել այդ խնդիրը»,-ասաց Կամո Արեյանը:
Tert.am-ի հարցին, թե խնդիրը տարիներով արձանագրում են, իսկ թե ե՞րբ ի վերջո պետք է լուծմանն ուղղված քայլ արվի, որքա՞ն ժամանակ կպահանջվի, Արեյանը դժվարացավ հստակ պատասխան տալ. «Թույլ տվեք անկեղծ լինել՝ հիմա չեմ կարող ժամանակահատված ասել, բայց որ մենք ուշացնելու իրավունք չունենք, դա փաստ է և մեր դիրքորոշումն է»:
Հարցին՝ դա ենթադրո՞ւմ է ուղեվարձի ավելացում, Կամո Արեյանը պատասխանեց, թե այս պահին այդ հարցը չեն շոշափում:










