Մոնրեալում ցուցադրվել է «Արմին Վեգները և Հայոց ցեղասպանությունը» փաստավավերագրական ֆիլմը

22:24 • 01.11.16

Կանադայի Մոնրեալ քաղաքում հոկտեմբերի 29-ին կայացել է «Խղճի գործողություններ. Արմին Վեգները և Հայոց ցեղասպանությունը» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան:

Horizon Weekly-ի հաղորդմամբ` Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը կազմակերպել են Կանադայի «Հայ դատի» հանձնախումբը և Կանադայի մարդու իրավունքների թանգարանը:

Ֆիլմի ցուցադրությանը, որը տեղի է ունեցել Սուրբ Հակոբ հայկական դպրոցում, ներկա են գտնվել համայնքի հարյուրավոր անդամներ և Կանադայի «Հայ դատի» հանձնախմբի աջակիցներ, ինչպես նաև կանադական ժառանգության նախարար և փաստաբան Մելանի Ժոլին, Օտտավայում Հայաստանի հյուպատոս Սասուն Հովհաննիսյանը, կանադահայ դերասանուհի և մարդու իրավունքների ակտիվիստ-պաշտպան Արսինե Խանջյանը, կանադացի խորհրդարանականներ և ակտիվիստներ:

«Խղճի գործողություններ» ֆիլմը Ցեղասպանությանը նայում է գերմանացի ռազմական բժիշկ Արմին Վեգների տեսախցիկի միջով, ով լուսանկարել և վավերագրել է հայերի դեմ իրականացված վայրագությունները: