ԱԺ–ին հատկացվող բյուջեն 54 միլիոն դրամով նվազեցվել է. պատգամավորները վերականգնում են պահանջում

11:08 • 01.11.16

Ազգային ժողովին հատկացվող բյուջեն 54 միլիոն դրամով նվազեցվել է, իսկ կառավարության դեպքում բյուջեի նվազում չի եղել: ԱԺ-ում պետական բյուջեի քննարկման ժամանակ նկատեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը:

«Խնդրում եմ՝ վերականգնեք մեր գումարի 54 միլիոն դրամը»,- հորդորեց Մկրտչյանը:

Գլխավոր գանձապետ, Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ պատասխանեց պատգամավորին՝ ասելով, թե դրան կա բացատրություն:

«Բնական է, որ ցանկացած գերատեսչություն, ցանկացած մարմին ունի ավելի մեծ կարիք, քան հնարավոր է նախատեսել բյուջեում: Բյուջեն օրենք է, որտեղ հաշվի են առնվում բոլոր ոլորտների հետաքրքրությունները կամ շահերը, սա փոխզիջումային փաստաթուղթ է բոլորի կողմից: Իսկ թե ինչու Կառավարության աշխատակազմում այսպես, ԱԺ-ում՝ այնպես, քանի որ ԱԺ ընտրություններից հետո պատգամավորների թիվը կարող է լինել ոչ 131-ը, դա տրամաբանորեն կարող է հանգեցնել միջոցների օգտագործման ավելի քիչ կարիքի, քան 131-ի դեպքում, իսկ պատգամավորների թիվը կլինի ավել, կքննարկվի լրացուցիչ հատկացումների հարցը»,- նշեց Ջանջուղազյանը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն էլ շարունակեց հարցը՝ հետաքրքրվելով, թե արդյոք գլխավոր գանձապետը գիտի, թե քանի պատգամավոր է ունենալու հաջորդ խորհրդարանը՝ 2017 թ. ընտրություններից հետո:

«Եթե գիտեք կոնկրետ թիվն, ասեք, հանրությունն էլ տեղյակ լինի, մեզ ասվում է, որ նույնիսկ 198 էլ կարող է լինել»,- ասաց Պողոսյանը:

Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ Սահմանադրությունն է նախատեսում, որ ամենաքիչը 101 պատգամավոր պետք է լինի, իսկ եթե պատգամավորներն ավելի մեծ թիվ կկազմեն, քան 101-ը, կարիք կառաջանա հատկացումների, այդ հարցը կքննարկվի: