Չժուհայի ավիասրահի ժամանակ Չինաստանն առաջին անգամ ցուցադրել է J-20 կործանիչը (լուսանկարներ)
Չժուհայի ավիասրահում՝ Չինաստանում ավիատեխնիկա արտադրողների և վաճառողների ամենախոշոր գագաթնաժողովում, առաջին անգամ հանրությանը ներկայացվել է չինական Chengdu J-20 հինգերորդ սերնդի կործանիչը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ավելի վաղ բլոգերներն ու վերլուծաբանները համեմատել են նոր ինքնաթիռն ամերիկյան բազմաթիրախ F-22 Raptor կործանիչի հետ:
Chengdu J-20-ը ստեղծվել է Չենդու քաղաքում Ավիացիոն արդյունաբերական կորպորացիայի ստորաբաժանման կողմից: Իր առաջին փորձնական թռիչքն այն կատարել է 2011 թվականի հունվարին: Ենթադրաբար առաջիկա երկու-երեք տարիներին այն կդրվի շահագործման:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ինքնաթիռը զինվելու է հականավային հրթիռներով և կօգտագործվի նավերի դեմ պայքարի համար:
Սպասվում է, որ ավիաշոուի ընթացքում առաջին անգամ կցուցադրվեն նաև Xian H-6 չինական ռազմավարական ռմբակոծիչը և Changhe Z-10K հարձակողական ուղղաթիռը:

















