Կառավարության ճոխ ծախսերի մասին աղմուկ են բարձրացում նրանք, ովքեր նախկինում օգտվում էին դրանից. Դավիթ Հարությունյան (տեսանյութ)

21:11 • 01.11.16

ԱԺ-ում Կառավարության աշխատակազմի բյուջեն ներկայացնելուց հետո աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից Tert.am-ն այսօր հետարքրքվեց, թե եկող տարվա բյուջեով բացառվո՞ւմ են պաշտոնյաների կողմից ճոխ ծախսերը՝ ավիատոմսեր, թանկարժեք կահույք պետության հաշվին և այլն, և նման ծախսերի համար պատասխանատվություն լինելո՞ւ է, թե՞ ոչ:

«Գնումների ընթացակարգերը զետեղված են կայքում և հրապարակային են, իսկ Դուք գիտեք, որ ցանկացած պաշտոնյայի վրա լավագույն ճնշում գործադրելը ինֆորմացիան հրապարակային դարձնելն է»,-ասաց Հարությունյանը:

Դիտարկմանը, թե անգամ այդ առթիվ մամուլի հրապարակումները ազդեցություն չեն ունենում Կառավարության գործելաոճի վրա, Հարությունյանը չհամաձայնեց՝ հայտարարելով, որ օրինակ ավիատոմսերի մասով շատ լուրջ քայլ է կատարվել:

«Այլ հարց է, որ այդ քայլը փորձում են շահարկել բոլոր նրանք, ովքեր այդ նախկին ոչ պատշաճ գործընթացներից օգտվում էին, նրանք սկսել են աղմուկ բարձրացնել, բայց մենք գնալու ենք ճիշտ ճանապարհով»,-հայտարարեց աշխատակազմի ղեկավար-նախարարը: