Իրաքի հատուկ նշանակության ուժերը գրավել են Մոսուլում կառավարական հեռուստակայանը

18:38 • 01.11.16

Իրաքի հատուկ նշանակության ուժերը գրավել են Մոսուլում կառավարական հեռուստակայանի շենքը: Այդ մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ հեռուստակայանը գտնվում է Քոքջալի արևելյան թաղամասում, որտեղ տեղի է ունեցել իրաքցի զինվորականների և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների միջև հիմնական դիմակայությունը:

Իրաքի բանակի հակաահաբեկչական ստորաբաժանումները հոկտեմբերի 31-ին գրոհ են սկսել Մոսուլի վրա, որն ավելի քան երկու տարի գտնվում է ԻՊ-ի գրոհայինների հսկողության տակ: Հատուկ նշանակության ուժերի մարտիկները մտել են քաղաք Էլ-Քարամա թաղամասում՝ արևելյան ուղղությունից:

ԻՊ-ից Մոսուլի ազատագրման ցամաքային ռազմական գործողությունն ընթանում է հոկտեմբերի 17-ից: Բացի Իրաքի կառավարական ուժերից, դրան մասնակցում են քրդական խմբավորումները, ինչպես նաև ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային հակաահաբեկչական կոալիցիան: