«Հայկական վերածնունդը» գրգռել է քաղաքական որոշ ուժերի և գործիչների նախանձը. Հ. Մարգարյանը ՀՎԿ խմորումների մասին (տեսանյութ)

22:27 • 01.11.16

«Օրինաց երկիրը» երբեք կեղտոտված չի եղել, որ կեղտ մաքրի. այս մասին ասաց «Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը՝ Tert.am-ին տված հարցազրույցում հակադարձելով «Հայկական վերածնունդին» միացած «Հայկանդուխտ» կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանի հայտարարությանը, թե ՕԵԿ-ն իրենց միջոցով կեղտը մաքրեց իր վրայից, հիմա փորձում է իրենց քաղաքական գործընթացներից դուրս մղել։

«ՕԵԿ-ը երբեք կեղտ չի մաքրել և կեղտոտված չի եղել, որ կեղտ մաքրի: Թող մտածեն էն մարդիկ, ովքեր կեղտոտված են: «Հայկական վերածնունդ» կուսակցության ներսում ամեն ինչ նորմալ է, ընթանում է նորմալ գործընթաց, կուսակցական շինարարություն, և դա կասկածից վեր է, որ որոշ չարախնդողների կկուրացներ»,-ասաց նա։

Ըստ Մարգարյանի՝ «ոմանք ցխկվում են ՀԿՎ հաջողություններից» ու ցեխ են շպրտում, քանի որ «Հայկական վերածնունդը» գրգռել է բոլորի նախանձը քաղաքական որոշ ուժերի և գործիչների մեջ: 

Նշենք, որ մամուլում գրվել է, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի դեմ բողոք է հասունանում, քանի որ երբ ՕԵԿ-ը դարձավ «Հայկական վերածնունդ», Արթուր Բաղդասարյանը միավորված կուսակցություններին անցողիկ տեղեր է խոստացել ապագա խորհրդարանում։ Իսկ երբ կուսակցությունները սկսել են կազմել համամասնական ցուցակներ, Արթուր Բաղդասարյանին միացած ուժերը հայտնաբերել են, որ իրենց անունները տեղ չեն գտնել անցողիկ տեղերում, ինչն էլ զայրույթ է առաջացրել. այժմ միավորված կուսակցությունները քննարկում են արտահերթ համագումար հրավիրելու և «Հայկական վերածնունդի» նոր նախագահ ընտրելու հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում: