ԻՊ-ը փորձել է Մոսուլ տեղափոխել 25 հազար խաղաղ բնակչի՝ նրանց որպես կենդանի վահան օգտագործելու համար. ՄԱԿ

17:15 • 01.11.16

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները փորձել են Իրաքի Մոսուլ քաղաքի շրջակայքից քաղաք տեղափոխել մոտ 25 հազար խաղաղ բնակչի՝ ենթադրաբար նրանց որպես կենդանի վահան օգտագործելու համար:


Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ռավինա Շամդասանիի հայտարարությունը:


Նրա խոսքով՝ վաղ առավոտյան ահաբեկիչները բեռնատարներով և միկրոավտոբուսներով սկսել են մարդկանց Մոսուլ տեղափոխել հարավային Համամ էլ Ալիլ արվարձանից: Ինչպես նշել է Շամդասանին, մեքենաների մեծ մասը ստիպված է եղել հետ շրջվել «թաղամասը հսկող ավիացիայի ճնշման տակ», նրանց մի մասն, այնուամենայնիվ, կարողացել է առաջ շարժվել: