«Վարչապետը չի կարող ԱԺ-ին հանձնարարություն տալ». Հրայր Թովմասյանը «մայրեր ու աղջիկներ» հանձարարականն ԱԺ-ում իրագործելու մասին (տեսանյութ)

13:04 • 01.11.16

«Մայրերի ու աղջիկների» աշխատանքը նույն հիմնարկում բացառելու առթիվ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականը չի կարող վերաբերել Աժ-ին, քանի որ վարչապետը չի կարող ԱԺ-ին հանձնարարական տալ: Այս մասին այսօր Tert.am-ի հարցին ի պատասխան խորհրդարանում հայտարարեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:

ԱԺ աշխատակազմի ղեկավարն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ 2014-ից կրճատվել է ԱԺ 40-50 աշխատակից, մինչև տարվա վերջ ևս պայմանագրային աշխատակիցներ կկրճատվեն:

«Կփորձենք այդ հարցում ունենալ առավել արդյունավետ աշխատակազմ»,-ասաց Թովմասյանը: Նա ասաց նաև, որ 12 միլիոն դրամ կպահանջվի ԱԺ նախագահի ևս մեկ տեղակալին աշխատավարձ տրամադրելու համար: Թովմասյանի խոսքով՝ խորհրդարանում առաջիկա վեց ամսում պահպանվելու է պատգամավորների՝ 131 թիվը: «Նրանք ստանալու են այն աշխատավարձը, որն այսօր ստանում են, դրանից հետո մնացած վեց ամսվա համար կառավարությունը հաշվարկել է ու հիմք է ընդունել 101 թիվը»,- ասաց նա:

Tert.am-ի հարցին, թե քանի որ ԱԺ 40 աշխատակցի կրճատել են, նկատի ունենալով նաև վարչապետի՝մայրերի և քույրերի նույն աշխատավայրում չաշխատելու հանձնարարականը, հնարավո՞ր է, որ կրճատվել են նաև պատգամավորների օգնականները, որոնք հաճախ նրանց որդիներն են, Թովմասյանը պատասխանեց. «Պատգամավորների օգնականների աշխատանքի ընդունումը ֆորմալ առումով աշխատակազմի ղեկավարն է կատարում, բայց նրանց ընտրությունը վերապահված է հենց պատգամավորներին և աշխատակազմի ղեկավարն ունի զրո լիազորություն՝ որոշելու՝ ով պետք է լինի պատգամավորի օգնականը: Դա հայեցողական պաշտոն է և պատգամավորներն իրենք են ընտրում իրենց օգնականներին»:

Թովմասյանը հրաժարվեց ասել, թե ԱԺ կրճատված աշխատակիցների կազմում կա՞ արդյոք մեկ պատգամավորի կամ պաշտոնյայի զավակ՝ հավելելով, որ վարչապետի հանձնարարականը վերաբերում էր ուսուցիչներին, ապա հայտարարեց. «Վարչապետը չի կարող ԱԺ-ին հանձնարարություն տալ»: