Ժիրինովսկին իր և Թրամփի միջև ընդամենը մի տարբերություն է գտել
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ իր և ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի միջև շատ ընդհանուր բաներ կան և ընդամենը մի տարբերություն, հայտնում է kp.ru-ն:
«Նա ամբողջապես անկախ է և նախընտրական արշավը վարում է սեփական տեխնոլոգիայով: Նա չի հրավիրել իմիջմեյքերների, տիկնիկավարների չի կանչել»,- բացատրել է Ժիրինովսկին:
Կուսակցության առաջնորդի խոսքով՝ ամերիկացու հետ նրան միավորում է «առանց թղթերի» խոսելու կարողությունը, ինչպես նաև նախընտրական ծրագրի քաղաքական մասում «ներգաղթյալների դեմ պայքարը»:
Ժիրինովսկու կարծիքով՝ երկու քաղաքական գործիչների միջև տարբերությունն «ընդամենը մեկն է»՝ նախագահական ընտրություններին մասնակցելիս Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդը միլիարդատեր չի եղել:
ԱՄՆ նախագահական ընտրություններն անցկացվելու են նոյեմբերի 8-ին:










