Անի Զախարյանը զանգեց ինձ և ասաց, որ Անի Մաջնունյանին սպանել են. էքստրասենսի սպանության գործով ցուցմունք տվեց ամբաստանյալը

19:43 • 02.11.16

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով դատավարությունը՝ դատավոր Վարդան Աբրահամյանի գլխավորությամբ:

Դատական նիստին ցուցմունք տվեց «Յանուս» թատրոնի տնօրեն, ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանը:

Դատավորի հարցին, թե Մուշեղ Մխիթարյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր ճանաչում է, ամբաստանյալը բացասական պատասխան տվեց:

Դեպքի մանրամասների հետ կապված վերջինս ասաց, որ ճանաչել է Անի Մաջնունյանին, իսկ գործով վկա Աննա Միսակյանին ինքն է ծանոթացրել Անի Մաջնունյանի հետ Բաղրամյան փողոցում, երբ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ցույցեր էին տեղի ունենում:

Մուշեղ Մխիթարյանն ասաց, որ Աննա Միսակյանի հետ նաև այցելել է Անի Մաջնունյանի բնակարան, որպեսզի վերջինս զբաղվի բախտագուշակությամբ:

«Անիի տան շքամուտքում Աննան ասաց, որ ինքն ուզում է ծխել, ես էլ  չսպասեցի:

Անիի տանը մի աղջիկ տեսա, ով արագ լքեց տունը: Մի երկու րոպե անց եկավ, վերև բարձրացավ նաև Անին:

Անին գնաց դուռը բացեց, միմյանց կեղծ ժպտացին, դե իրենց կեղծ ժպիտները զգում եմ:

Հետո ես նրանց մենակ թողեցի՝ գնալով Անիի ննջարան, որպեսի չխանգարեմ նրանց բախտագուշակությանը, որովհետև Անին ասաց՝ մենակ թող, չնայած նախկինում եղել էր, որ Անին նայել էր իմ ներկայությամբ: Գնացի ննջարան, մոտ 20-25 րոպե անց Անին կանչեց ինձ»,- պատմեց ամբաստանյալը:

Մուշեղ Մխիթարյան ասաց, որ այնուհետև գնացել են իրենց տուն, նկատել են, որ իրենց հետևում են, մտել են բակ, համոզվել են, որ իրենց հետևում են, մի «երկու բառ» զրուցել է նրանց հետ և բարձրացել են տուն: «Այդ գիշեր կանչեցի նաև մեր հարևան Էդգարին, ասացի, որ Աննայի հետ նստի, իսկ ես գնացի քնելու: Առավոտյան Աննան՝ իր խնդիրներից ելնելով, տուն չգնաց, և ինձ հարցրեց, թե ինչ գերեզմանատան տեղ գիտեմ: Հարցրեցի, թե ինչին է պետք, ասաց Անին ասել է, որ ինչ-որ բան աղով այնտեղ պետք է վառի: Գնացինք գերեզմանատուն, ինքն իր ծեսն արեց, ես էլ հարազատ մարդ ունեի, այցելեցինք շիրիմին»:

Մուշեղ Մխիթարյանն այնուհետև պատմեց, որ հանդիպել է իր ընկերուհու հետ Աննայի ներկայությամբ, որից հետո գնացել է տուն:

«Դրանցի հետո ես գնացի տուն, ինձ զանգեց Անի Զախարյանը և ասաց, որ Անիին սպանել են: Ես սկզբից ծիծաղեցի, ես դրան մի քիչ հումորով վերաբերվեցի, դրանից մի ամիս առաջ գրել էին, որ ես եմ մեռել սրտի կաթվածից: Մի խոսքով՝ այդպես իմացա, որ Անիին սպանել են և ամբողջ համացանցը ողողված էր այդ մասին նյութերով:

Հետո ես մտամոլոր պտտվում էի, կային մարդիկ, որոնց հետ խնդիրներ ուներ Անին՝ գուշակություններով պայմանավորված: Հանդիպեցի Անի Զախարյանի հետ, հաջորդ օրը ասացի, որ կապ եմ տեսնում Անիի սպանության ու իմ վրա կատարված հակերային հարձակման մեջ: Հաջորդ օրը՝ 20:00-ին, հանդիպման էի ընկերուհուս հետ և ինձ բերման ենթարկեցին, հետո ժամը փոխեցին և դարձրեցին 23:05»:

Մեղադրող դատախազը Մուշեղ Մխիթարյանին հարցրեց, թե արդյոք սիրային և սեռական կապ ունեցե՞լ է Աննա Միսակյանի և Անի Մաջնունյանի հետ, ինչին ամբաստանյալը հրաժարվեց պատասխանել:

Մեղադրող դատավորի հաջորդ հարցին, թե Անի Մաջնունյանի՝ երեխա չունենալու և արհեստական ճանապարհով երեխա ունենալու մասին խոսակցություններ ունեցե՞լ են, Մուշեղ Մխիթարյանը պատասխանեց. «Երևի թե ֆանտազիաներ էին, որ մի երկու բաժակ կոնյակից հետո առաջանում էին»:

Հիշեցնենք, որ Անի Մաջնունյանի դին, ով հասարակության լայն շրջանակներին առավել հայտնի է որպես էքստրասենս, խիրոմանտ, հայտնաբերվել է 2015թ. օգոստոսի 5-ին` իր բնակարանի ննջասենյակում, հատակին բերանքսիվայր ընկած, սուր կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով։

Նախնական քննության տվյալներով՝ դիակի հայտնաբերման նախորդ օրը՝ օգոստոսի 4-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Անի Մաջնունյանին է այցելել վերջինիս ծանոթ Մ.Մխիթարյանը։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ տանն առկա գումարը հափշտակելու դիտավորությամբ տղամարդը բնակարանի ննջասենյակում հարձակվել է Անի Մաջնունյանի վրա և դանակով, բութ առարկայով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։ Տուժողի գլխի, դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի, զույգ վերին և ձախ ստորին վերջույթների շրջաններում հայտնաբերվել է ծակած-կտրած և կտրած, թափանցող և չթափանցող 59 վնասվածք, որոնք էլ իրենց համակցության մեջ առաջացրել են հեմոռագիկ շոկ, որն էլ բերել է Ա.Մաջնունյանի մահվան։

Ըստ քննության տվյալների՝ բնակարանում փնտրելով ու չկարողանալով գտնել Ա.Մաջնունյանի կուտակած գումարը՝ Մ.Մխիթարյանը հափշտակել է տարբեր զարդեր, տուժողի բջջային հեռախոսները, փակել դուռը և հեռացել։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Մ.Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։