Ինչ մոտեցումներ ունեն ԱՄՆ նախագահի և փոխնախագահի թեկնածուները հայկական հարցերում
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հետևում է ԱՄՆ-ում սպասվող նախագահական ընտրություններում առաջադրված բոլոր թեկնածուների՝ այդ թվում դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնի և հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի, ինչպես նաև նրանց թիմի քաղաքական կենսագրությանը՝ համայնքին իր համար հատուկ հոգացության առարկա հանդիսացող հարցերի շուրջ պաշտոնի հավակնորդների դիրքորոշման շուրջ համապարփակ և արժանահավատ տեղեկատվություն տրամադրելու համար:
Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը։
«Մենք միևնույն բծախնդրությամբ ենք մոտենում ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի թեկնածուներին՝ Հանձնախմբի կողմից հրապարակվող գնահատման զեկույցներում մանրակրկիտ ներկայացնելով իրենց սատարումը»,- ասաց նա:
Հիլարի Քլինթոն

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի քարտուղարը ներկայացրեց թեկնածուների՝ հայկական հարցերով հետաքրքրվածության աստիճանը: «Դեմոկրատական կուսակցության դեպքում, այն ժամանակվա պետքարտուղար Քլինթոնը հայ-ամերիկյան հարցերի առնչությամբ դրսևորել է խառը պահվածք՝ մասնավորապես Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշմամբ: Որպես սենատոր` նա եղել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրենսդրության համահովանավոր և խոստացել իր աջակցությունը շարունակել նաև 2008-ին, երբ նախագահական քարոզարշավի շրջանակներում նա հանդես եկավ հայտարարությամբ՝ խոստանալով աջակցություն համայնքին հոգացության ներքո գտնվող հարցերի լայն շրջանակի»,- հիշեցրեց Էլիզաբեթ Չուլջյանը:
«Որպես Օբամայի ադմինիստրացիայի պետքարտուղար՝ նա հանդես եկավ որպես թուրք-հայկական խիստ թերի արձանագրությունների առաջամարտիկ, իսկ դրանից հետո՝ պետքարտուղարության Հանրային քննարկումների ժամանակ, նա Հայոց ցեղասպանությանը տվեց «պատմական բանավեճ» սխալ բնորոշումը: Թեպետ Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում պետքարտուղար Քլինթոնն այցելեց Ծիծեռնակաբերդ, հետագայում նա պնդեց, որ այդ այցը իր «անձնական նախաձեռնությունն էր»– ասաց նա:
Թիմ Քայն

Էլիզաբեթ Չուլջյանը անդրադառնալով Քլինթոնի՝ փոխնախագահի թեկնածու սենատոր Թիմ Քայնի՝ հայկական հարցերում ներգրավվածության մասին՝ նշեց, որ նա սատարել է Հայոց ցեղասպանության ոգեկոչման ջանքերին և´ որպես Ռիչմոնդի քաղաքապետ, և թե´ որպես նահանգապետ: «Որպես սենատոր` նա 2014-ին Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրենսդրությանը, սակայն մինչև այդ իր մեծ նպաստն էր ունեցել տվյալ օրինագծի ձևակերպումների թուլացմանը»,- ասաց նա:
Դոնալդ Թրամփ
Էլիզաբեթ Չուլջյանը, խոսելով արդեն Հանրապետական կուսակցության ներկայացուցչի՝ Դոնալդ Թրամփի մասին, նկատեց, որ վերջինս հայ-ամերիկյան խնդիրների հետ չունի գրեթե և ոչ մի ուղղակի կապ: «Ադրբեջանում նրա բիզնես շահերը կապված են եղել Անար Մամմադովի՝ Ադրբեջանի տրանսպորտի նախարարի որդու հետ, ով եղել է Միացյալ Նահանգներում հայկական խնդիրների դեմ բազմամիլիոնանոց դոլարների լոբբինգային քարոզարշավ իրականացնող Ադրբեջանա-ամերիկյան դաշնության հիմնադիրներից մեկը:
Մայք Փենս

Որպես փոխնախագահի թեկնածու պարոն Թրամփի հետ հանդես եկող Մայք Փենսը նույնպես ունի խառը քաղաքական կենսագրություն: Որպես Ներկայացուցիչների պալատի անդամ՝ նա «ի սկզբանե հանդես էր գալիս հօգուտ Հայոց ցեղասպանության մասին օրենսդրության, սակայն հետագայում դեմ քվեարկեց օրինագծին՝ ճանաչելով Ցեղասպանությունը, սակայն միևնույն ժամանակ վկայակոչելով Թուրքիայի սերտ դաշնային հարաբերությունները Միացյալ նահանգների հետ»:
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի մամուլի քարտուղարի նկարագրությամբ՝ ԱՄՆ-ում նախագահի թեկնածուի համար ընթացող ընտրապայքարը նախագահական ընտրությունների աննախադեպ շրջափուլ էր, երբ ողջ Միացյալ Նահանգներում շատ ընտրողներ ուղղակի հիասթափված էին գործընթացից, թեկնածուներից և ազգի առջև ծառացած հանրային քաղաքականության խնդիրների հանդեպ լուրջ և մանրակրկիտ ուշադրության պակասից:
«Այս պայմաններում մենք տեսանք ամերիկահայ համայնքի առանձնահատուկ ուժգին սևեռվածությունը ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների ընտրությունների, ինչպես նաև նահանգային և տեղական ընտրարշավի վրա: Հանձնախումբը սատարել է 30 նահանգից առաջադրված Կոնգրեսի 120 թեկնածուի, ինչը եղել է մեր կողմից երբևէ գրանցված ամենամեծ ցուցանիշը: Սա հայ-ամերիկյան խմբերի շահերի պաշտպանության ընդլայնված քարոզարշավի անմիջական արդյունքն էր այնպիսի նահանգներում, ինչպիսիք էին Կոլորադոն, Վաշինգտոնը, Ուտան, Իդահոն, Օհայոն, Թենեսին, Քենթաքին, Ջորջիան, Հյուսիսային և Հարավային Կարոլինան և այլն: Այնտեղ մենք ունենք աճող ընտրատարածքներ, որոնք կարողանում են իրենց ձայնը լսելի դարձնել ի շահ հայ-ամերիկյան հարցերի»,-ասաց Էլիզաբեթ Չուլջյանը:

Լուսանկարում՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը
Էլիզաբեթ Չուլջյանը նաև նշեց, որ հաշվի առնելով, որ աշխարհի մեծ մասը սևեռված է նախագահական ընտրությունների վրա, նոյեմբերի 8-ին իրենք սերտորեն հետևելու են նաև Սենատի և Ներկայացուցիչների պալատի ընտրարշավին՝ հետամուտ լինելով Արցախի, Հայաստանի և Հայոց Ցեղասպանության հետ կապված հայ-ամերիկյան մեր առաջնահերթություններին:
«Մենք անհամբեր սպասում ենք մեր ընկերներից շատերի, այդ թվում՝ հանրապետական թիմի ներկայացուցիչներ Սենատոր Մարկ Քըրքի , Ներկայացուցիչների պալատի անդամ Բոբ Դոլդի (հանրապետական, Իլինոյս) և դեմոկրատների թևը ներկայացնող Սենատի թեկնածու Քրիս Վան Հոլենիի (Մերիլենդ և Կալիֆոռնիայի Կենտրոնական հարթավայր) և Կալիֆոռնիայի ներկայացուցիչներ Ջիմ Կոստայի և Դեյվիդ Վալադաոյի վերադարձին»,- ասաց նա:
Էլիզաբեթ Չուլջյանը նաև հիշատակեց, որ ունենք նաև Ներկայացուցիչների պալատի ընտրություններին մասնակցող երեք հայ թեկնածու՝ Ներկայացուցիչներ Աննա Էշուն և Ջեքի Սփեյերը (Կալիֆոռնիայից), որոնք պայքարում են վերընտրվելու համար, և Դանի Թարքանյանը, որն առաջադրվել է Նեվադայի 3-րդ շրջանի թափուր տեղի համար՝ ընդհանուր առմամբ ֆեդերալ, նահանգային և տեղական մակարդակներով ընտրություններին մասնակցող 17 թեկնածու:
Հանձնախմբի դիրքորոշումը թեկնածուների հարցում
Անդրադառնալով հանձնախմբի որոշմանը՝ չաջակցել 2016թ. նախագահական ընտրություններին և ոչ մի թեկնածուի, Էլիզաբեթ Չուլջյանն ասաց․«Հանձնախմբի կողմից ազգային, տարածաշրջանային և տեղական մակարդակներում արված մանրազնին ուսումնասիրությունից հետո մենք եկանք այն եզրակացության, որ երկու թեկնածուներից ոչ մեկն արժանի չէ մեր սատարմանը՝ հաշվի առնելով նրանց վերաբերմունքը մեր համայնքի հանդեպ հատուկ հոգացության առարկա հանդիսացող հարցերի՝ առավելապես Արցախի, Հայոց Ցեղասպանության արդար [ճանաչման] և առավել ամուր հայ-ամերիկյան հարաբերությունների հանդեպ»:
Ըստ Էլիզաբեթ Չուլջյանի՝ իրենց որոշումը հայտարարելուց ի վեր իրենց սատարումն են հայտնել քաղաքական շրջանակներում ներկայացված համայնքի անդամների ճնշող մեծամասնությունը:
«Մենք հարգանքով ենք վերաբերվում այն փաստին, որ հայկական ծագմամբ շատ ամերիկացիներ, որոնք հանդիսանում են ամերիկյան կյանքի տարատեսակ կողմերի կրող, թեկնածուներից որևէ մեկին աջակցելու որոշում կայացնելիս կշռադատում են մի շարք գործոններ: Հաշվի առնելով սա՝ մենք արժանահավատ տեղեկություն ենք առաջարկում թեկնածուների և մեր կողմից պատշաճ ուշադրությամբ ուսումնասիրված երաշխավորումների մասին՝ աջակցելու համար այն հայամետ ընտրողների իրազեկմանը, ովքեր հայկական հարցերը դիտարկում են իրենց և իրենց ընտանիքների համար նշանակություն ունեցող տարատեսակ ներքին և արտաքին առաջնահերթությունների շրջագծում»,- եզրափակեց իր խոսքը Ամերիկայի հայ դատի հանձնախմբի մամուլի քարտուղարը:










