Շրջանառվում է Պոլսո Հայոց պատրիարքի պաշտոնի 4 թեկնածուի անուն (լուսանկարներ)
Շրջանառվում է Պոլսո Հայոց պատրիարքի պաշտոնի 4 թեկնածուի անուն: Նրանք են` Պոլսո Հայոց պատրիարքի ներկայիս փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը, Գերմանիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդ, արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանը և Գուգարքի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Սեպուհ Չուլջյանը:
Այսպիսով` ավելի վաղ շրջանառվող անուններին ավելացել է ևս մեկը` եպիսկոպոս Սահակ Մաշալյանը:
Tert.am-ի հետ զրույցում Պոլսո Հայոց պատրիարքարանից հայտնեցին, որ պաշտոնական տեղեկությունը կհրապարակվի ավելի ուշ։
Նշենք, որ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններին մասնակցելու համար պարտադիր պայման է Թուրքիայում ծնված լինելը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարել է ներկայիս պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին անգործունյա ճանաչելու որոշման մասին:
Պատրիարք Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008 թվականից և փաստացի չի գործում որպես պատրիարք: Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, որն ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:
Այժմ արդեն պատրիարք Մութաֆյանի պաշտոնապես թոշակի անցնելու վերաբերյալ որոշումը՝ Թուրքիայի կառավարության կողմից հաստատվելու դեպքում, ենթադրում է նոր պատրիարքի ընտրություն, որի ընթացքում Ստամբուլի հայկական համայնքն արդեն ինքը կընտրի իր հոգևոր առաջնորդին:
Արամ Աթեշյան

Սահակ Մաշալյան

Գարեգին Բեկչյան

Սեպուհ Չուլջյան











