Այս պահի դրությամբ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում չի գրել. Էդուարդ Շարմազանով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը «Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու դիմում չի գրել։
Այս մասին այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Այս պահին պարոն Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում չի գրել, բայց ես մեկ անգամ ասել եմ, որ վարչապետը, եթե նույնիսկ գրի, ապա մի զարմացեք, եթե չգրի, էլի մի զարմացեք: Կարեն Կարապետյանը մեր քաղաքական թիմի առանցքային ներկայացուցիչն է, այդ թիմի ղեկավարը պարոն Նախագահն է»,-ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ եթե մինչև ՀՀԿ-ի համագումարը նոր զարգացումներ լինեն՝ անպայման կտեղեկացնի:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ՀՀԿ համագումարին քննարկվի նոր վարչապետի թեկնածության հարցը, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ վարչապետի թեկնածության մասին ՀՀԿ-ն կարող է խոսել միայն 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին հաջողություն գրանցելու դեպքում. «Ապրիլյան ընտրություններից հետո, եթե մենք հասնենք հաջողության, այն ժամանակ կմտածենք, թե ում թեկնածությունը կառաջադրենք»:










