Շինարարական «փուչիկից» հետո ոլորտը կայունանում է. տնտեսագետ

20:12 • 03.11.16

Գաջի, ցեմենտի արտադրության ծավալների նվազումը կապված է շինարարության անկման,  անշարժ գույքի շուկայի հետ։ Tert.am-ի հետ զրուցում նշեց տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը։ Ըստ նրա՝ հիփոթեքային տոկոսադրույքների իջեցումը ևս  հանգեցնում է շինարարության կրճատմանը։

«Նախկինում շինարարական փուչիկ էր, ճգնաժամից հետո անկում եղավ, ուստի դա չէր կարող չազդել նաև գաջի և ցեմենտի շուկայի վրա»։

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին չորս ամիսների արդյունքներով ցեմենտի արտադրությունը Հայաստանում նվազել է շուրջ 24 տոկոսով, իսկ գաջի արտադրության անկումը կազմել է ավելի քան 60 տոկոս:  2016 –ին շինարարական ոլորտում ևս անկում է գրանցվում։

Աշոտ Խուրշուդյանի դիտարկմամբ՝ անկումը բնական գործընթաց է, հավասարակշռում է  ոլորտը։

«Ես կարծում եմ, որ չպետք է միջոցներ ձեռնարկվեն արհեստականորեն աճ ապահովելու  համար, անկումն, իհարկե,  մտահոգիչ է,  աշխատատեղեր են կրճատվում, բայց շինարարական փուչիկից հետո իրավիճակը կայունանում է»։

Աշոտ  Խուրշուդյանի կարծիքով՝ շինարարության և  գյուղատնտեսության ոլորտում աճը  չպետք է ավելի լինի, քան ՀՆԱ-ն։

Նա նաև չի բացառում, որ մյուս տարի ոլորտում կարող է աճ արձանագրվել։