Դա գործի արդյունավետ քննությունն համար է. ԱՆ փոխնախարարը «Սասնա ծռերին» տեսակցելու արգելքի մասին
Արդարադատության նորանշանակ փոխնախարար Արթուր Հովհաննիսյանից Tert.am-ը փորձեց պարզել, թե ինչու թույլ չի տրվում «Սասնա ծռեր» խմբի անդամներին իրենց հարազատների հետ տեսակցություն ունենալ:
Նշենք, որ «Սասնա ծռերի» հարազատները և համակիրները պարբերաբար բողոքի ցույցեր են կազմակերպում տեսակցության պահանջով: Վերջին անգամ նրանք նաև ստորագրահավաք անցկացրեցին և Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակ ներկայացրեցին:
Փոխնախարարն ասաց, թե նախ պետք է հասկանալ տեսակցության արգելքի պատճառները. «Պետք է հասկանալ՝ կա՞ քննիչի սահմանափակում, թե՞ ոչ, որովհետև քննիչին օրենքը թույլ է տալիս սահմանափակել տեսակցությունը կալանավորված անձի և որոշակի անձի միջև՝ հաշվի առնելով գործի հետագա արդյունավետ քննությունը: Եթե կա սահմանափակում, դա էլ հասցված է քրեակատարողականի ծառայողներին, ովքեր էլ պարտավոր են թույլ չտալ, որպեսզի կալանավորված անձը տեսակցի հարազատին»,- ասաց նա:
Ըստ փոխնախարարի՝ եթե կա նման որոշում, դա կայացված է գործի հետագա արդյունավետ քննությունն ապահովելու համար: «Անկախ այն հանգամանքից, թե ում մասին է խոսքը «Սասնա ծռերի՞», թե ոչ»,-ասաց նա:
Tert.am-ի հարցին, թե ակնհայտ խախտում չէ՞ տեսակցության արգելքն այն դեպքում, երբ ԱԺ պատգամավորի դեպքում էլ արգելք է սահմանվել, մինչդեռ պատգամավորը հավասարազոր իրավունքներ ունի վարույթն իրականացնող մարմնի հետ անարգել մուտք գործելու մեկուսարան, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Այս պահին կդժվարանամ ասել. ինչպես գիտեք՝ ես նոր եմ, իսկ ՔԿՀ-ն իմ ոլորտը չէ»:










