Ոստիկանական մեքենան կարմիր լույսի տակ հարվածել է քաղաքացու Toyota-ին. վերջինս չի կարողանում փոխհատուցում ստանալ

17:57 • 03.11.16

Tert.am-ի խմբագրություն դիմած քաղաքացի Վլադիմիր Ասատրյանը պնդում է, որ իր Toyota Harrier 3 մեքենան մոտ 1.8 մլն դրամի վնաս է կրել ոստիկանական մեքենայի հարվածից, սակայն շուրջ 2 տարի չի կարողանում փոխհատուցում ստանալ:

Ըստ Ասատրյանի՝ 2015 թվականի փետրվարին Երևանի Աթոյան-Էրեբունի հատվածում կարմիր լույսի տակ Ոստիկանության ուղեկցող դասակի «Գազ 66» մակնիշի մեքենան, ոստիկանական փարոսիկները միացրած վիճակում, մեծ արագության տակ մտել է խաչմերուկ և լուրջ վնաս հասցրել իր մեքենային:

Փոխհատուցման պահանջով դատարան դիմած քաղաքացին, սակայն, օրերս պարտվել է դատարանում: Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը որոշել է մերժել քաղաքացու հայցն ընդդեմ Ոստիկանության, ընդ որում՝ չծանուցելով վերջին նիստի մասին, որի ընթացքում, ըստ Ասատրյանի, իրենք պետք է ապացույցներ ներկայացնեին:

«Բոլոր փաստերն ունեինք, և վճիռը պետք է կայացվեր մեր օգտին, բայց դատավորը որոշեց մերժել, երևի գերադասեց Ոստիկանության հետ խնդիր չունենալ: Մեր մեքենային հարվածած ոստիկան վարորդը թոշակի է անցել, ու վնասը պետք փոխհատուցի Ոստիկանությունը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Ասատրյանը:

Վլադիմիր Ասատրյանի շահերի պաշտպան Արմեն Ումրշատյանը ասաց, որ իրենք բողոքարկելու են վճիռը:

«Գտնում եմ, որ դատարանի վճիռը կայացվել է և՛ նյութական, և՛ դատաիրավական իրավունքի խախտումներով, և միանշանակ այն ենթակա է բողոքարկման Վերաքննիչ դատարան: Մենք հայցով խնդիրը բարձրացրել ենք պատճառված վնասի փոխհատուցման հարթության վրա. երբ որ մենք ասում ենք՝ մեզ պատճառվել է նյութական վնաս և պարտավոր են փոխհատուցել այդ վնասը։ Դատարանը փոխանակ քննարկի նյութական վնասը և մերժի մեզ պատճառված նյութական վնաս չլինելու հիմքը, քննարկում է ապահովագրական ընկերության կողմից վիճարկելու իրավական հիմքը, որը գտնում եմ ոչ իրավաչափ: Եթե դատարանը գտնում էր, որ նյութական վնաս չի հասցվել, թող մերժեր հայցը՝ պարզաբանելով, թե ինչու քաղաքացու կրած վնասը ենթակա չէ փոխհատուցման: Իսկ վճռի մեջ նման իրավական հիմնավորում չկա»,-ասաց Ումրշատյանը:

Ըստ պաշտպանի՝ դատարանը չի ցանկացել նախադեպ ստեղծել: «Եթե նախադեպ ստեղծվեր, որ անկախ գործի քննության արդյունքից անձը իրավունք ունի վնասի հատուցմամբ դիմել և ստանալ վճիռ, դա նախադեպ կլիներ, որ բոլորը դիմեին և գնային այդ ճանապարհով: Դատարանը նախընտրել է նախադեպ չստեղծել»,-ասաց Ումրշատյանը՝ հավելելով, որ նման վճռի մեջ տեսնում է նաև Ոստիկանության գործոնը:

Ոստիկանական մեքենայի հարվածից տուժած քաղաքացի Վլադիմիր Ասատրյանի փոխանցմամբ՝ հարվածից անմիջապես հետո ոստիկանությունը կազմել է արձանագրություն: Արձանագրվել է, որ ոստիկան վարորդը՝ Ոստիկանության ուղեկցող գնդի, 2-րդ վաշտի վարորդ-ոստիկան Սմբատ Անտոնյանն ընդունում է իր մեղավորությունը և տալիս բացատրություն, որ ինքը խաչմերուկ մտել է կարմիր լույսի ներքո և բախումը կատարվել է իր մեղքով: Սակայն քանի որ հարվածողը Ոստիկանության աշխատակից է, կողմերը հրաժարվում են վարչական վարույթից, ասել է թե՝ միմյանց նկատմամբ փոխադարձ պահանջից:

Դեպքից մեկ ժամ անց, հասկանալով, որ իրեն թյուրիմացության մեջ են գցել, քաղաքացի Վլադիմիր Ասատրյանը զանգում է «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերություն և պահանջում ապահովագրական վճար։ Ասատրյանի փոխանցմամբ, մոտ 1.5 տարի տևած դատական քաշքշուկի ժամանակ «Նաիրի ինշուրանսը» հրաժարվում է ապահովագրություն տալ՝ պատճառաբանելով, թե ճիշտ է՝ ոստիկան-վարորդի մեղավորությունը կա, բայց տուժած քաղաքացին հրաժարվել է վարչական վարույթից:

Տեսնելով, որ որևէ կերպ չի կարողանում ԱՊՊԱ-ից փոխհատուցում ստանալ, քաղաքացին վնասի հատուցման պահանջով դատի է տվել Ոստիկանությանը: 

«Շուրջ 2 տարի տևած դատական պրոցեսից հետո Ոստիկանության ներկայացուցիչը դատարանում հայտարարում է, թե Ոստիկանությունում չկա տեղեկություն՝ դա Ոստիկանությա՞ն մեքենա է, թե՞ ոչ: Դատավորի ճշտող հարցերին՝ չէ՞ որ դա կալանավորներ տեղափոխող Ոստիկանության մեքենա է, Ոստիկանության ներկայացուցիչը պատասխանում է՝ ես պատրաստ չեմ ձեր հարցերին պատասխանել։ Այն դեպքում, երբ մեքենայի ոստիկանական փարոսիկները միացրած են եղել, և այն հարվածել է քաղաքացու մեքենային ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Վլադիմիր Ասատրյանի շահերի պաշտպան Արմեն Ումրշատյանը։

Այսինքն, ըստ փաստաբանի՝ Ոստիկանությունն անգամ հրաժարվում է ընդունել, որ դա ծառայողական մեքենա է, մինչդեռ Ասատրյանի մեքենային հարվածել է ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ:

«Այս պահին քաղաքացու վնասը կազմում է մոտ 1.8 մլն դրամ, իսկ Ոստիկանությունը հրաժարվում է գումարը տալ ու պատասխանատվություն կրել կատարվածի համար: Սակայն որևէ հակափաստարկ չի ներկայացվել: Միակ հակափաստարկն այն է, որ ապահովագրությունն է պարտավոր փոխհատուցել վնասը, սակայն օրենքը հստակ սահմանում է վնասի փոխհատուցման կարգը»,-ասաց Ումրշատյանը:

Ինչ վերաբերում է ապահովագրական վճար տալու մերժմանը, ապա, փաստաբանի խոսքերով, «Նաիրի ինշուրանսը» մերժել է միայն մեկ փաստարկով, որ սա իրավական գնահատման խնդիր է, քանի որ դեպքից հետո վարչական վարույթ չի հարուցվել:

«Այսինքն՝ լուծումը տեղափոխվել է այլ իրավական հարթություն: Այս պարագայում ապահովագրական ընկերությունը փոխհատուցողին որոշելու բեռը ուղղակի թողել է դատարանի վրա»,-տեսակետ հայտնեց փաստաբանը: