Հանձնարարում եմ ապօրինի հարստացումը քրեականացնող նախագիծ ներկայացնել Կառավարությանը. Կարեն Կարապետյան
Այսօր Կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես եկավ Արդարադատության նախարարությանն ուղղված հանձնարարականներով: Անդրադառնալով ապօրինի հարստացման քրեականացմանը, նշեց, որ այն բխում է Կառավարության ծրագրից և վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին:
«Այն դեպքերում, երբ պաշտոնատար անձի ակտիվների աճը էականորեն գերազանցում է նրա օրինական եկամուտները, նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության։ Հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարին երեքշաբաթյա ժամկետում ապօրինի հարստացման քրեականացմանը վերաբերող նախագիծ ներկայացնել Կառավարությանը»,- ասաց նա և նշեց, որ ապօրինի հարստացումը քրեականացնող նախագծի հետ անհրաժեշտ է ներկայացնել կանխիկ գործառնությունները սահամանափակող օրենքի նախագիծ:
«Այսպես կոչված, կեղծ փոխառությունները, կեղծ նվիրատվությունները հիմնականում կատարվում են կանխիկ եղանակով և գործընթացը դարձնում են սկզբունքորեն անվերահսկելի: Շատ դեպքերում պարզ չէ արդյո՞ք հայտարարագիր ներկայացրած անձը իրականում ստացել է հայտարարագրում նշված փոխառությունները, թե՞ ոչ: Այս խնդիրների լուծման նպատակով հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարին Կենտրոնական բանկի հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում կառավարության քննարկմանը ներկայացնել կանխիկ գործառությունների սահմանափակման օրենքի նախագիծը»,- ասաց նա:
Անդրադառնալով հակակոռուպցիոն մասնագիտացված մարմնի կատարելագործմանը, վարչապետը նշեց, որ նախ անհրաժեշտ է ընդլայնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի լիազորությունները՝ սահմանելով և՛ կրթական, և՛ կոռուպցիայի կանխարգելման գործառույթները:
«ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարում եմ մեկամսյա ժամկետում ներկայացնել համապատասխան օրենսդրական նախագիծ»,- ասաց նա: Կարեն Կարապետյանը անհրաժեշտ համարեց նաև հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակի ընդլայնումը և դրա վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարեց երեքշաբաթյա ժամկետում Կառավարությանը ներկայացնել առաջարկություն՝ ելնելով ռիսկայնությունից:










