Հրապարակվել է ամենազարգացած երկրների վարկանշային աղյուսակը. Հայաստանը 99-րդ տեղում է

19:54 • 03.11.16

Լոնդոնում գործող Legatum հետազոտական ինստիտուտը հրապարակել է երկրների «Համաշխարհային բարգավաճման ինդեքս» 10-րդ ամենամյա վարկանիշը, որում գնահատվել են աշխարհի տարբեր երկրների ընդհանուր բարգավաճման մակարդակը:

Ինչպես ներկայացնում է Business Insider-ը, բարգավաճման գործոններից մեկը երկրի տնտեսական վիճակն է, սակայն ուսումնասիրության մեջ տեղ են գտել նաև այլ գործոններ, ինչպիսիք են բիզնես-միջավայրը, կառավարման համակարգը, կրթությունը, առողջապահության ոլորտը, անվտանգությունը, անձնական ազատությունը, հասարակական կյանքը և բնությունը:

Վարկանշային աղյուսակում տեղ է գտել 149 երկիր, որոնց շարքում Հայաստանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը: Տնտեսական ցուցանիշով մեր երկիրը 115-րդն է, բիզնես-միջավայրում` 83-րդը, կառավարման առումով` 107-րդը, կրթության մակարդակով` 56-րդը, իսկ առողջապահության` 100-րդը, անվտանգության առումով` 70-րդը, անձնական ազատությունների` 99-րդը:

Հարևան երկրներից Թուրքիան զբաղեցրել է 78-րդ տեղը, Ադրբեջանը` 103-րդ, Վրաստանը` 84-րդ հորիզոնականը:

Առաջատար երկրներն են Նոր Զելանդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեյցարիան, Կանադան, Ավստրալիան, Նիդերլանդները, Շվեդիան, Դանիան, Միացյալ Թագավորությունը, Գերմանիան, Լյուքսեմբուրգը, Իռլանդիան, Իսլանդիան: