«Աշխատանք` Նաիրիտին». նաիրիտցիները կրկին բողոքի ակցիա են անում կառավարության դիմաց (տեսանյութ)

12:06 • 03.11.16

«Նաիրիտ» գործարանի մի քանի տասնյակ աշխատակիցներ կառավարության շենքի դիմաց վանկարկում են` «Աշխատանք` Նաիրիտին» և պահանջում  հանդիպում վարչապետ Կարեն Կարապետյանի ներդրումների գծով խորհրդականների հետ:

Նրանցից մի քանիսը Tert.am-ի հետ զրույցում պատմեցին, որ կազմելով պատվիրակություն` երեկ հանդիպել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանի հետ և ներկայացրել դեռևս  նախորդ տարի մշակված  «Նաիրիտի»  վերագործարկման ծրագիրը: Այն, նրանց խոսքով,  հավանության է արժանացել Արմեն Եգանյանի կողմից, ով խոստացել է, որ կհաշվարկեն ու կվերլուծվեն ծրագրի իրականացման համար պահանջվող միջոցները: Մոտավորապես, 150 միլիոն դոլարի չափով: 

Նաև Արմեն Եգանյանը խոստացել է, որ ծրագիրը կներկայացվի վարչապետ Կարեն Կարապետյանին:

Իսկ այս պահին գործարանի աշխատակիցների պահանջն է` հանդիպումներ ունենալ  վարչապետի այն խորհրդականների հետ, ովքեր պատասխանատու են ներդրումների համար:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ գործարանի աշխատակիցները փակել էին գործարան տանող Բագրատունյաց փողոցը։