Կա՞ այդ մարդը, որը պատրաստ է, խնդիր չկա, նույն պահին հրաժարական կտամ. Ռուբեն Հայրապետյան
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատրաստ է հրաժարական տալ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, եթե հայտնվի արժանի թեկնածու:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
«Ես մտածում եմ չկործանելու մասին։ Կա՞ այդ մարդը, որը պատրաստ է, խնդիր չկա, նույն պահին հրաժարական կտամ: Ո՞վ է այդ մարդը, ունե՞ք մեկին: Այն, որ գրում եք՝ Խորեն Հովհաննիսյան, Արման Սահակյան, Չոլոյանց, որը Հայաստանի քաղաքացի չէ և իրավունք չունի: Խորեն Հովհաննիսյանի՞ն եք ուզում, տանք, ի՞նչ է եղել, թող գա: Ֆեդերացիայի դռան մյուս կողմը գրենք «տոտալիզատոր», էդ եք ուզում, կարող է անել: Դա է ձեր ցանկությունը, ո՞ւր է, այդ թեկնածուի անունը տվեք, հենց հիմա հրաժարական տամ»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե քանի դեռ նախագահ կա, թեկնածուներ չեն լինում, Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ քանի որ լրագրողների գլխի մեջ «չիպավորված է», դրական ոչինչ չեն ուզում տեսնել. «Ասում եք՝ ես վնաս եմ տալիս, ես ասում եմ՝ միգուցե դուք ճիշտ եք ասում, սակայն այդ մարդը պետք է լինի, որ իմանանք՝ ում ենք հանձնում ու գնում: Միգուցե ճիշտ եք ասում, որ թարմ մարդիկ ենք պետք, բայց ո՞ւր է»:
Հայրապետյանի խոսքով՝ իրեն չսիրել կարող են, բայց գոնե ֆուտբոլը պիտի սիրեն: Բացի այդ, ՀՖՖ նախագահն ավելացրեց, որ ինքն էլ է հոգնել և կարող է հրաժարական տալ. «Ես էլ եմ հոգնել, ես էլ եմ կարծում, որ նոր ուժը թարմություն կբերի, բայց ո՞ւր է»:










