Հայտնի է դարձել Ռուսաստանում Սիգալի ապագա կենսաթոշակի չափը
Ռուսաստանի քաղաքացիություն ստացած ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալը 2017 թվականից կարող է հավակնել հինգ հազար ռուբլիի չափով սոցիալական կենսաթոշակի: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի կենսաթոշակային ֆոնդի ներկայացուցչին:
Գործակալության զրուցակիցը հայտարարել է, որ Սիգալը կկարողանա ստանալ այդ գումարները միայն այն դեպքում, եթե ունենա ռուսական գրանցում:
Նա հավելել է, որ հինգ հազար ռուբլին նվազագույն գումարն է, նա կունենա նաև հավելավճար թոշակառուի նվազագույն սպառողական զամբյուղի չափով:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալին ռուսական քաղաքացիություն է շնորհել։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է նոյեմբերի 3-ին Կրեմլի կայքում:










