Ախալքալաքում դպրոց է այրվել
Վրաստանի Ախալքալաքի շրջանի Չունչխա գյուղում պետական դպրոց է այրվել, որտեղ սովորում էին միայն տարրական դասարանների աշակերտները, հայտնում է «Sputnik Վրաստան»-ը՝ վկայակոչելով «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը:
Նախնական տեղեկություններով՝ վառարանից կրակն անցել է տանիք և տարածվել ամբողջ շենքով մեկ: Հրդեհի ժամանակ դպրոցում ոչ ոք չի եղել: Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի:
«Այդ դպրոցում երեք դասասենյակ կար: Բացի այդ, մենք ունեինք գրադարան, լաբորատորիա և մարզադահլիճ… Երկու տարի առաջ նախարարությունը մեզ գույք էր նվիրել՝ նոր սեղաններ, աթոռներ, որոնք մեզ դեռ պետք չէին: Այդ ամենը ոչնչացվել է»,- ասել է դպրոցի տնօրենի տեղակալ Գոչա Գելաձեն:
Շենքում սովորում էին երկու գյուղից երեխաներ:
«Մենք գյուղում վերանորոգված շենք ենք գտել, ուր արդեն տեղափոխվել է 9 աշակերտ, որոնք սովորում էին այրված շենքում»,- հայտնել են Սամցխե- Ջավախքի կրթական ռեսուրս կենտրոնում:










