Սիրիայում չեն քննարկում՝ ով է ավելի լավ, այլ քննարկում են՝ ով է ավելի վատ՝ Թրա՞մփը, թե՞ Քլինթոնը. Ասադ
Մինչ ամբողջ աշխարհում քննարկում են, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով է ավելի լավ որպես ապագա նախագահ՝ Հիլարի Քլինթոնը, թե Դոնալդ Թրամփը, Սիրիայում մտածում են, թե ով է նրանցից ավելի վատ: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը սերբական «Պոլիտիկիա» թերթին տված հարցազրույցում:
«Ենթադրում եմ, որ աշխարհի տարբեր մասերում այդ թեմայով քննարկումներն ընթանում են այն դիրքից, թե ով է ավելի լավ՝ Քլինթոնը, թե Թրամփը: Իսկ Սիրիայում այդ ընթացքում քննարկում են՝ նրանցից ով է ավելի վատ, այդ պատճառով ես չեմ կարծում, թե նրանցից մեկը դրական կլինի մեզ համար»,- ասել է Սիրիայի նախագահը:
Նա բացատրել է, որ ամերիկացի քաղաքական գործիչների հետ հարաբերությունների փորձից ելնելով՝ բացակայում է նրանց նկատմամբ վստահությունը:
«Մենք չենք տեսնում ոչ մի դրական նախադրյալ, որոնք կվկայեն դրական ուղղությամբ ԱՄՆ քաղաքականության փոփոխության մասին»,- հավելել է Ասադը:
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 8-ին։










