«Իսլամական պետության» առաջնորդը լքել է Մոսուլը. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Արևմտյան հետախուզական ծառայությունների տվյալներով՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին լքել է իրաքյան Մոսուլ քաղաքը:
Ինչպես նշում է The Guardian-ը, տեղեկությունը հաստատել է Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բորիս Ջոնսոնը: Պաշտոնյան նկատել է, որ նախօրեին Ալ Բաղդադիի՝ Մոսուլը չլքելու ու իրաքյան զորքերին դիմակայելու վերաբերյալ կոչի տարածումից հետո ԻՊ-ի առաջնորդի հեռանալն ուղղակի զավեշտալի է:
Ըստ Ջոնսոնի՝ Ալ Բաղդադին ձայնագրության միջոցով դիմել է իսլամիստներին՝ կոչ անելով շարունակել պայքարը, մինչդեռ ինքն անձամբ հեռացել է քաղաքից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, իր հղած ձայնագրությունում Ալ Բաղդադին կոչ էր արել Մոսուլի բնակիչներին պայքարել «թշնամիների դեմ», իսկ ԻՊ գրոհայիններին՝ «անհավատների համար գիշերը ցերեկ դարձնել, նրանց հողերում քաոս ստեղծել ու այնպես անել, որ նրանց արյունը գետերով հոսի»:
Բացի այդ, իսլամիստ ահաբեկիչների առաջնորդն անդրադարձել է Թուրքիային՝ ընդգծելով, որ հարկավոր է «աթեիստների դաշնակցի» դեմ ևս ակտիվ պայքար մղել:
Նշվում է, որ ուղերձն Ալ Բաղդադիի առաջին հայտարարությունն է հոկտեմբերի 17-ին իրաքյան կառավարական բանակի, քրդական զորամիավորումների և ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի համատեղ ջանքերով Մոսուլի ազատագրմանն ուղղված լայնամասշտաբ գործողության մեկնարկից ի վեր:
Ավելի վաղ Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանին ասել է, որ Մոսուլի ազատագրման գործողության ներկայիս տեմպերի պահպանման դեպքում քաղաքն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից մաքրելու համար կպահանջվի առավելագույնը 3 ամիս:
«Մեզ հաջողվեց արագ գրավել քաղաքի մատույցները, սակայն հայտնի չէ, թե որքան ուժեղ կկարողանա ԻՊ-ն ինքնապաշտպանվել հենց քաղաքի ներսում: Մենք տեսնում ենք, որ նրանք հարյուրավոր մահապարտներ ունեն, և չի բացառվում, որ այնտեղ լինեն պայթուցիկի արտադրությամբ զբաղվող գործարաններ: Քաղաքի գրոհի ժամանակ դա մեծ վտանգ կստեղծի: Եթե ամեն ինչ ապագայում էլ հաջող ընթացք ունենա, ապա կարծում եմ, որ քաղաքը կկարողանան ազատագրել ամենաուշը 3 ամսից»,- ասել է Բարզանին Bild-ին տված հարցազրույցում:
Նա նաև մանրամասնել է, որ քրդական զորամիավորումները (փեշմերգա) չեն մասնակցի բուն քաղաքի գրոհին:










