Թուրք պաշտոնյային կանչել են Գերմանիայի ԱԳՆ՝ ընդդիմության ձերբակալությունների պատճառով

16:28 • 04.11.16

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանձնարարել է պետքարտուղար Շտեֆան Շտեյնլեյնին Թուրքիայի հավատարմատարին ուրբաթ հրավիրել ԱԳՆ՝ Թուրքիայում քրդամետ կուսակցության անդամների ձերբակալությունների առնչությամբ: Այդ մասին ասված է արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում:


«Քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության քաղաքական գործիչների և պատգամավորների ձերբակալությունները, նախարարի կարծիքով, զգալիորեն վատթարացրել են իրավիճակը: Ոչ մեկ չի վիճարկում Թուրքիայի իրավունքը՝ դիմադրել ահաբեկչության սպառնալիքին և օրինական ճանապարհով հետաքննել ռազմական հեղաշրջման արյունալի փորձը: Բայց դա չպետք է արդարացում լինի քաղաքական ընդդիմությանը լռեցնելու կամ ընդհանրապես նրան ճաղերի հետև ուղարկելու համար»,- ասված է նախարարության հաղորդագրությունում:


ԱԳՆ-ում հանդիպումը կապված է «դաշնային կառավարության դիրքորոշումը Թուրքիայի կառավարությանը պաշտոնապես հասցնելու» անհրաժեշտության հետ, ասված է հաղորդագրությունում: 


Հիշեցնենք, որ այսօր Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 13 անդամ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը:


Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ այսօր Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալված Ժողովրդադեմոկրատական կուսակցության 13 անդամների դեմ ոստիկանական գործողությունն օրինական գործընթաց է: