Կարո Փայլանի ձերբակալության մասին լուրը չի համապատասխանում իրականությանը

11:28 • 04.11.16

Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամների դեմ իրականացված ոստիկանական գործողության ընթացքում հայազգի պատգամավոր Կարո Փայլանը չի ձերբակալվել:

Կարո Փայլանի ձերբակալման մասին սոցցանցերում տարածված լուրը Tert.am-ի հետ զրույցում հերքել է նրա մամուլի խոսնակ Թամար Նալջըն:


Ըստ թուրքական ԶԼՄ-ների և Ժողովրդադեմոկրատական կուսակցության Twitter-ի պաշտոնական էջի` կուսակցության ձերբակալված անդամներն են` Սելահաթթին Դեմիրթաշը, Ֆիգեն Յուքսեքդաղը, Իդրիս Բալուքենը, Սըրրը Սյուրեյյա Օնդերը, Ֆերհաթ Էնջուն, Գյուլսեր Յըլդըրըմը, Սելմա Ըրմաքը, Զիյա Փիրը, Նուրսել Այդողանը, Լեյլա Բիրլիքը, Աբդուլլահ Զեյդանը:


Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամների դեմ իրականացված ոստիկանական գործողությունից հետո Կարո Փայլանը Twitter-ի իր պաշտոնական էջում թողել է հետևյալ գրառումները. 

«Ո՛չ ներսում (նկատի ունի բանտում), ո՛չ դրսում երբեք վիզ չենք խոնարհի»:

«Մեր ապրած տարին 1915-ն է, օրը՝ ապրիլի 24: Թույլ չենք տա, որ մեր երկիրը, մեր երիտասարդներին այդ ֆաշիստները ևս մեկ անգամ այրեն»: 


Հիշեցնենք, որ այսօր Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 11 անդամ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը: 

Դեռևս մայիս ամսին Թուրքիայի խորհրդարանական սահմանադրական հանձնաժողովն ընդունել է Ժողովրդադեմոկրատական կուսակցության խմբակցության մի շարք պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու մասին որոշում: