ՀԺԿ-ն  դեռ չի հստակեցրել, թե  2017-ի ԱԺ ընտրություններին ինչ ձևաչափով կմասնակցի

11:40 • 04.11.16

Հայաստանի ժողովրդական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է, սակայն, թե ինչ ձևաչափով դեռ պարզ չէ: Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով դեկտեմբերի 9-ին  նախատեսված ՀԺԿ-ի համագումարին` հայտնեց ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը: Սա լինելու է կուսակցության   հերթական համագումար, որի  ժամանակ առաջիկա  ընտրությունների մասնակցության ձևաչափի  վերաբերյալ որոշում կընդունվի:

Ինչ վերաբերում է կուսակցության նախնական տրամադրվածությանը, Գրիգոր Հարությունյանն ասաց. «Դեռ որոշակի բան չկա, բայց ամեն դեպքում մենք այն կարծիքին ենք, որ ճիշտ կլինի համախմբվելը»:  Հարցին, թե ՀԱԿ-ի հետ պետք է համախմբվել, ասաց՝ «ոնց ստացվի»:

«Մենք մինչ հիմա ՀԱԿ-ի հետ համատեղ ենք գործել, ընթացքը ցույց կտա, թե ինչպես կգնանք»,- ասաց նա:  Գրիգոր Հարությունյանը նաև այլ կուսակցությունների հետ համագործակցությունը չբացառեց, բայց կոնկրետ քաղաքական ուժերի անուններ չտվեց:

ՀԺԿ վարչության քարտուղարը համաձայն  չէ   դիտարկման հետ, թե տարիների ընթացքում  երբեմնի  ամենահզոր Հայաստանի ժողովրդական կուսակցությունն ինչ-որ առումով  «տարրալուծվել»  է ՀԱԿ-ի մեջ: