Պետբյուջեի հաշվին նպաստառաուների համար էլեկտրաէներգիան կսուբսիդավորվի ամսական 1000 դրամով

14:40 • 04.11.16

Էլեկտրաէներգիան նպաստառուների համար պետական բյուջեի հաշվին կսուբսիդավորվի 1000 դրամով: Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապահ Ատոմ Ջանջուղազյանը:

Մինչ այդ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորը հարցրեց, թե ինչպես է ստացվում, որ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարում է, որ բյուջեից գազի գնի սուբսիդավորում չի նախատեսվում, իսկ Ջանջուղազյանն իրեն ասել է, որ սպասվում է:

«Գազի գնի իջեցման սուբսիդավորումը լինելու է բյուջեի հաշվի՞ց: Ես նման հայտարարություն երկու օր առաջ արել եմ՝ հղում անելով Ձեզ հետ իմ երկու խոսակցությունները: Բայց դրա հաջորդ օրը վարչապետը հայտարարեց, որ բյուջեից որևէ կոպեկ, որևէ գումար չի գնալու սուբսիդավորման համար: Օդում կախված է այդ հանելուկը, բացատրեք»,- հետաքրքրվեց Արամ Մանուկյանը:

Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ իրենց մասնավոր զրույցի ժամանակ թյուրիմացություն է  եղել, որովհետև ինքը նման պատասխան տվել է ոչ թե գազի գնի, այլ՝ էլեկտրաէներգիայի գների սուբսիդավորման վերաբերյալ:

«Այո, իրավացի եք, հղում եք արել մեր խոսակցությունը: Բայց թյուրընկալում է եղել, ես պատասխանել եմ էլեկտրաէներգիայի սակագնի նպաստների մեջ 1000 դրամ լրացուցիչ ավելացման մասին, ոչ թե գազի: Իմ ասածը սրա մասին է: Հայցում եմ ձեր ներողամտությունը, թյուրիմացություն է եղել: Ես հասկացել եմ այն, ինչ հասկացել եմ, պատասխանել եմ դրան»,- նշեց ֆինանսների փոխնախարարը: