Սան Ֆրանցիսկոյում «թեքվող» երկնաքերի ստեղծողի դեմ դատական հայց է ներկայացվել

14:35 • 04.11.16

Սան Ֆրանցիսկոյի դատախազը հայց է ներկայացրել Mission Street Developers շինարարական ընկերության դեմ, որը քաղաքում թեք երկնաքեր է կառուցել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:


«Հազարամյակի աշտարակ» հավակնոտ անվանումով 58-հարկանի շենքը կառուցվել է 2008 թվականին և դարձել է Սան Ֆրանցիսկոյի ամենաբարձր բնակելի երկնաքերը:


Չնայած բնակարանների բարձր գնին՝ ավելի քան 10 միլիոն դոլար, բոլոր 419 պենտհաուսներն արագ վաճառվել են:


Շուտով պարզվել է, որ շենքի հիմքը սկսել է նստել, ինչպես նաև՝ այն սկսել է թեքվել:


Սովորաբար երկնաքերերի հիմքերը մի փոքր նստում են կառուցապատման վերջում, բայց ոչ այնքան, որքան եղել է «Հազարամյակի աշտարակ»-ի դեպքում: Ութ տարվա ընթացքում շենքը 40 սանտիմետրով անցել է գետնի տակ:


Բացի այդ, այն նստում է ոչ հավասարաչափ: Երկնաքերի ուղղահայաց առանցքից շեղումը կազմել է արդեն մոտ 15 սանտիմետր:


Սան Ֆրանցիսկոյի դատախազ Դենիս Էրերան իր հայցում պնդում է, որ կառուցապատողը տեղյակ է եղել հիմքի հետ կապված խնդիրների մասին դեռ կառուցապատման փուլում, բայց չնայած օրենքի պահանջներին՝ չի հայտնել այդ մասին բնակարանի ապագա գնորդներին:


Կառուցապատող ընկերությունը քաղաքային իշխանությունների մեղադրանքներն անհիմն է անվանում: Mission Street Developers-ի ներկայացուցիչները պնդում են, որ երկնաքերի չափազանց մեծ թեքության պատճառը դարձել են ստորգետնյա աշխատանքները, որոնք հարևանությամբ իրականացրել է մեկ այլ ընկերություն՝ Transbay Joint Powers Authority-ն: