Շարունակելու ենք բոյկոտել ավագանու նիստերը, քանի դեռ օրակարգում չի դրվել Մամիկոն Ասլանյանի հրաժարականի հարցը. Քրիստ Մարուքյան
Ընդդիմադիր երեք ուժերը շարունակելու են բոյկոտել Վանաձորի ավագանու նիստերը: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանը:
Նա նշեց, որ երեք խմբակցությունների՝ «Հայկական վերածնունդ», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան», կուսակցությունների բոյկոտի արդյունքում ավագանու նիստերի գումարման համար անհրաժեշտ քվորում չի ապահովվում:
«Հետագա նիստերի օրակարգից պարզ կլինի՝ կբոյկոտենք հաջորդ նիստերը, թե չէ: Եթե օրակարգի միակ հարցը կլինի Մամիկոն Ասլանյանի հրաժարականի հարցը, ապա կմասնակցենք, եթե ոչ՝ ոչ»,- նշեց Վանաձորի ավագանու անդամը:
Քրիստ Մարուքյանի խոսքով՝ իրենց հայտարարությունը բոյկոտի վերաբերյալ, որին միացան նաև «Հայկական վերածնունդ»-ն ու «Բարգավաճ Հայաստան»-ը, տվեցին առաջին պտուղները:
«Այսպիսով` պարզ դարձավ, որ այն մի քանի ձայնը, որը տրվել էր ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանին, կատարվել էր ճնշումների արդյունքում: Հակառակ պարագայում, այդ մարդիկ, ովքեր ձայնը տվել էին Ասլանյանին, նիստերին կմասնակցեին, քվորում կապահովվեր, ամեն կերպ կհիմնավորեին իրենց մասնակցությունը»,- նշեց Մարուքյանը՝ շեշտելով, որ ճնշումները մեկանգամյա են եղել, հետագա զարգացումների մասին ՀՀԿ-ն չի մտածել:










