Մոսկվայում հանրահավաք է անցկացվել Թուրքիայի դեսպանատան մոտ

17:38 • 05.11.16

Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան դիմաց հավաքվել են ցուցարարներ, որոնք պահանջել են, որպեսզի ազատ արձակվեն Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության խորհրդարանի պատգամավորներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հաղորդվում է, որ դեսպանատան առաջ հավաքվել է մոտ 20 ակտիվիստ, որոնք պարզել են երեք լեզուներով՝ ռուսերեն, թուրքերեն և քրդերեն պաստառներ՝ հետևյալ տեքստով. «Վերջ տվեք ահաբեկչությանն ու ձերբակալություններին: Ազատություն պատգամավորներին և քաղաքապետերին»:

Հիշեցնենք, որ Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 10-ից ավելի անդամ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը: Ավելի ուշ ութ պատգամավոր կալանավորվել է դատարանի որոշմամբ: Թուրքական իշխանությունները բացատրել են դա այն հանգամանքով, որ խորհրդարանի պատգամավորների անձեռնմխելիության չեղարկումից հետո նրանցից մի քանիսին մեղադրանքներ են ներկայացվել, և նրանք հրավիրվել են դատարան՝ ցուցմունքներ տալու համար: Քանի որ նրանք արհամարհել են այդ հրավերները, որոշում է կայացվել նրանց ձերբակալելու մասին: