Նիգերիացի զինվորականները փրկել են գրոհայինների կողմից 2 տարի առաջ գերեվարված աշակերտուհիներից մեկին
Նիգերիայի զինվորականները գերությունից փրկել են 2 տարի առաջ «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման գրոհայինների կողմից գերեվարված աշակերտուհիներից ևս մեկին, հայտնում է «Ֆրանս-Պրես» գործակալությունը:
«Նիգերիայի զորքերը փրկել են Չիբոկից ևս մի աղջկա Պուլկա բնակավայրի մոտակայքում»,- ասել է երկրի բանակի ներկայացուցիչը:
Հաղորդվում է, որ զինվորականները ստուգում էին տեղի անտառներից մեկը՝ որոնելով «Բոկո Հարամի» ճամբարից փախուստի դիմածների, երբ գտել են աշակերտուհուն: Բանակի ներկայացուցչի խոսքերով՝ աղջկան գտել են՝ ձեռքերում 10-ամսական երեխայի հետ:
2014 թվականի ապրիլին «Բոկո Հարամ» ծայրահեղական իսլամիստական խմբավորման գրոհայիններն առևանգել են 276 նիգերիացի աշակերտուհու Նիգերիայի հյուսիս-արևելքում: Խմբավորման ղեկավարն առաջարկել է փոխանակել աղջիկներին բոլոր ձերբակալված գրոհայինների դիմաց, բայց երկրի կառավարությունը հրաժարվել է:
«Ֆրանս-Պրես» գործակալության տվյալներով՝ գրոհայինների մոտ պատանդ է դեռևս մնում մոտ 200 աղջիկ:










