Օդաչուն մոտ 400 000 եվրոյի պարգևատրում է ստացել 439 կյանք փրկելու համար (տեսանյութ)

15:44 • 05.11.16

Չինական ավիաընկերությունը պարգևատրել է իր օդաչուներից մեկին երեք միլիոն յուանով (400 000 եվրո)՝ երկու օդանավերի միջև բախումը կանխելու համար, ինչի հետևանքով կարող էր զոհվել 439 մարդ, գրում է The Daily Mail-ը:

Օդաչուի Airbus A320-ը անցած ամիս պետք է մեկներ Շանհայի օդանավակայանից, երբ այն հանդիպել է Airbus A330-ին թռիչքուղու իր ճանապարհի վրա:

Օդաչուն որոշում է կայացրել մեծացնել արագությունը և թռչել մյուս օդանավի վրայով՝ խուսափելով դեմ դիմաց բախումից ընդամենը 19 մետր հեռավորության վրա:

Սարսափելի միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին, երբ MU-5643 չվերթն իրականացնող Airbus A320-200-ը պատրաստվում էր թռիչքի, իսկ MU 5106 չվերթը կատարած Airbus A330-300-ը նոր էր վայրէջք կատարել:

Անցած ամիս հետաքննության շրջանակներում Չինաստանի քաղավիացիայի վարչությունը հրապարակել էր միջադեպի մոդելավորման տեսանյութը:

China Eastern Airlines-ը, որին էին պատկանում երկու ինքնաթիռներն էլ, պարգևատրել է արագ կողմնորոշված օդաչուին հատուկ արարողության ժամանակ, անձնակազմի անդամներն իրենց հերթին պարգևատրվել են 80 հազար եվրոյով: